ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրը Truth Social սոցիալական ցանցում ծավալուն ուղերձ է հրապարակել, որում իր քաղաքական հակառակորդներին մեղադրել է երկիրը դեպի «արմատական ձախեր» տանելու փորձերի մեջ, քննադատել է ներգաղթյալներին, կասկածի տակ դրել տնտեսական վիճակագրության արժանահավատությունը և պաշտպանել Սպիտակ տան վերանորոգումը։
Թրամփը տոնի առթիվ շնորհավորել է ամերիկացի հայրենասերներին, ինչպես նաև նրանց, ովքեր, իր պնդմամբ, ընտրություններից առաջ կեղծ տնտեսական տվյալներ են հրապարակել։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ ԱՄՆ ՀՆԱ-ի աճի ցուցանիշը երեք շաբաթ ուշացումով 3,4%-ից վերանայվել է՝ դառնալով 4,3%։ Նախագահը դա անվանել է անհապաղ հետաքննություն պահանջող աննախադեպ սխալ։
Բացի դրանից, Թրամփը հակառակորդներին, որոնց անունը չի հնչեցրել, մեղադրել է ամերիկյան դատական համակարգում շարիաթի նորմեր ներդնելու և սեփականությունը վերաբաշխելու փորձերի մեջ՝ ստիպելով երկար տարիների աշխատանքով կարողություն կուտակած մարդկանց այն կիսել աշխատելուց հրաժարվողների հետ։
Նախագահն առանձին հանդես է եկել ԱՄՆ-ում բնակվող սոմալիացի ներգաղթյալների դեմ։ Նա հայտարարել է, որ երկրի սոմալիացի բնակչության միայն 2%-ն է աշխատում և պետական օգնություն չի ստանում՝ նրանց անվանելով լավ ամերիկացի «քաղաքացիներ»։ Մնացածներին, ըստ նրա, պետք է անհապաղ արտաքսել երկրից։ Թրամփը նաև հայտարարել է, որ Մինեսոտա նահանգն ապագա չունի, եթե սոմալիացի ներգաղթյալները մնան այնտեղ։
ԱՄՆ նախագահը պաշտպանել է Սպիտակ տանը կատարվող վերանորոգման աշխատանքները՝ հայտարարելով, որ շենքը տարիներ շարունակ պատշաճ խնամք չի ստացել։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է եղել փոխարինել 17 կոտրված պատուհան, վերանորոգել վնասված սյուներն ու դեկորատիվ քիվերը, ինչպես նաև կարգի բերել սվաղն ու ներկապատումը։ Թրամփն ընդգծել է, որ 1792 թվականին կառուցված Սպիտակ տունը երկրի գլխավոր խորհրդանիշներից է և այժմ ավելի լավ տեսք ունի, քան երբևէ։ Նա նաև խոստացել է, որ շուտով այնտեղ պարահանդեսների դահլիճ կբացվի, որի մասին ամերիկացի նախագահները երազել են ավելի քան 150 տարի։
Եզրափակելով՝ Թրամփը դիմել է այն հանցագործներին, որոնք, ինչպես նա է պնդում, ապօրինի մուտք են գործել ԱՄՆ՝ արտասահմանյան բանտերից, ուղղիչ հիմնարկներից, հոգեբուժական կլինիկաներից և այլ վայրերից։ Նա նրանց մեղադրել է ամերիկացի քաղաքացիների բռնաբարությունների, կողոպուտների և սպանությունների մեջ՝ հայտարարելով, որ նրանց մեծ մասն արդեն արտաքսվել է ծագման երկրներ։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը հեգնանքով շնորհավորել է նրանց Գոհաբանության օրվա առթիվ և հայտարարել, որ նրանք այլևս չեն վերադառնա ԱՄՆ։