Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերդալ Ադալըի հետ՝ Վրաստանի Բաթում քաղաքում իսրայելական Բեեր Շևայի «Հապոելի» դեմ Եվրոպա լիգայի խաղի ժամանակ թուրքական թիմի երկրպագուների հետ կապված միջադեպից հետո, հայտնում է Haberturk-ը։
Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը, տուժած երկրպագուներին մաղթել է շուտափույթ ապաքինում, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել ակումբին ու նրա երկրպագուներին։
Ավելի վաղ «Բեշիքթաշը» դատապարտել էր խաղից առաջ և դրա ընթացքում իր երկրպագուների նկատմամբ, ակումբի գնահատմամբ, անհամաչափ ուժի կիրառումը։ Թիմի ղեկավարությունը հայտնել էր, որ դիմել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներին և Բաթումում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։ Ակումբը խոստացել էր հետևել իրավիճակին այնքան ժամանակ, մինչև բոլոր երկրպագուներն ապահով տուն վերադառնան։