Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել BBC-ի թղթակից Սառա Ռեյնսֆորդին, որում, ի թիվս այլնի, մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինի մասին վերջերս արված մեկնաբանությունները։
BBC-ի լրագրողը Զելենսկիին հարցրել է, թե ինչ է զգացել, երբ Սպիտակ տան սոցիալական ցանցերում տեսել է Պուտինի և Թրամփի լուսանկարը՝ «Իմ ընկերը» մակագրությամբ։ Լուսանկարում պատկերված են Ռուսաստանի և Ամերիկայի նախագահները՝ Չինաստանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ։
«Իհարկե, դա ԱՄՆ նախագահի գործն է, բայց… Տարօրինակ է։ [Պուտինը] ագրեսոր է և մարդասպան։ Նա ֆաշիզմ բերեց 21-րդ դար։ Նա չի կարող ընկեր լինել։ Նա պարզապես չի կարող լինել։ Դա նույնն է, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է», – պատասխանել է Զելենսկին։
«Գուցե նրանք անձնական հարաբերություններ ունեն և այլն։ Նա կարող է դա ասել առանց լրագրողների ներկայության», – շարունակել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով․ «Որովհետև դա շատ ցավալի է այն ընտանիքների համար, որոնք կորցրել են իրենց դուստրերին և որդիներին։ Եվ նրանք հույսը դնում են ԱՄՆ նախագահի վրա։ Մենք հույսը դնում ենք մեր հարաբերությունների և մեր դաշնակիցների վրա։ Ինչպե՞ս կարող ենք նայել մարդասպանին, և ԱՄՆ-ն ասի, որ նա լավ ընկեր է։ Ո՛չ, նա ընկեր չէ»։