Newsweek. ԱՄՆ-ը Գրենլանդիայում ներկայությունն ընդլայնելու 500 մլն դոլարի նախագիծ է մշակել

ԱՄՆ-ը դիտարկում է Գրենլանդիայում ռազմական օբյեկտների կառուցման և արդիականացման համար մինչև 500 մլն դոլար ներդնելու հնարավորությունը՝ Արկտիկայում իր ներկայությունն ուժեղացնելու նպատակով։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Newsweek ամսագիրը՝ հղում կատարելով ներքին փաստաթղթերին։

«Գնումների վերաբերյալ փաստաթղթերը պարունակում են Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիտուֆիկ տիեզերական ռազմակայանի զարգացման լայնածավալ առաջարկներ, այդ թվում՝ ինքնաթիռների համար նոր անգարների և մարտական ինքնաթիռների տեխնիկական սպասարկման մասնագիտացված օբյեկտների կառուցման վերաբերյալ», — հաղորդել է պարբերականը։

ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ շինարարության նախնական արժեքը կկազմի 250 մլն-ից մինչև 500 մլն դոլար։ Ինչպես նշել է ամսագիրը, փաստաթղթերում հիշատակվում են անտեսանելի ինքնաթիռների սպասարկման և գաղտնի ռազմական գործողությունների ապահովման համար նախատեսված օբյեկտներ։ Տեխնիկական պահանջների թվում նշված է F-35 կործանիչի հետ կապված ինքնավար լոգիստիկ տեղեկատվական համակարգը (ALIS)։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը դեռ չի հաստատել Գրենլանդիայում նման ինքնաթիռներ տեղակայելու մտադրությունը։

Նախագծի նախապատրաստական փուլն արդեն մեկնարկել է. ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսն ամսագրին հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունն առանձին պայմանագիր է կնքել նախագծման աշխատանքների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *