Հասել ենք նրան, որ փակ թեմաներ չկան


Հայաստան


Հայաստանում մեկնարկած «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումից հետո «Ռադիոլուրը» հարցեր է ուղղել հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանին  և ադրբեջանական կողմի համակարգող Ֆարհադ Մամեդովին։

Քոչինյանը ընդգծել է, որ սա երկխոսություն է երկու քաղաքացիական հասարակությունների միջև, այլ ոչ թե բանակցություններ, և նպատակը ոչ թե անցյալը կամ պատմությունը փոխելն է, այլ ապագային ուղղված նոր իրողությունների ստեղծումը, որպեսզի հասարակությունները կարողանան ապրել որպես հարևաններ։ Նրա խոսքով՝ քննարկել են ընթացիկ տարվա ապրիլից հետո տեղի ունեցած իրադարձությունները, երկու հասարակություններում անհանգստություն առաջացնող թեմաներն ու խաղաղությանը մոտեցնող հարցերը։

Մամեդովի խոսքով՝ հանդիպումների յուրաքանչյուր փուլից հետո մասնակիցների թվի և հասարակությունների հետաքրքրության աճն արդեն ձեռքբերում է։ Նա նշել է, որ հաշվի առնելով ադրբեջանական և հայկական հասարակությունների տարբեր ակնկալիքներն ու աշխարհընկալումը՝ աշխատում են խաղաղության օրակարգի համատեքստում, իսկ տարաձայնություններ առաջացնող թեմաներով վարում են ազնիվ ու անկեղծ երկխոսություն՝ կենտրոնանալով այն հարցերի վրա, որոնց ուղղությամբ կարելի է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Մամեդովը նաև հայտնել է, որ փակ թեմաներ չկան, և ներկայիս հանդիպումը տարբերվում է նրանով, որ ընդհանուր քննարկումներին զուգահեռ աշխատելու են մասնագիտական թեմատիկ կոմիտեներ՝ մասնավորապես բնապահպանության, տնտեսության, ենթակառուցվածքների, հումանիտար հարցերի և մեդիա ուղղությամբ՝ պետություններին առաջարկներ ներկայացնելու և սուր անկյունների հարթեցմանը նպաստելու նպատակով։

Երկուստեք նշվել է նաև հանդիպման ընթացքում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հետ ունեցած շփման մասին։ Ըստ Քոչինյանի՝ հանդիպումը տևել է նախատեսվածից շատ ավելի երկար, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը բազմաթիվ հարցեր է ունեցել, որոնց պատասխանել է ԱԽ քարտուղարը, իսկ Մամեդովի տվյալներով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները երկու ժամ շարունակ հարցեր են ուղղել նրան։ Քոչինյանը նաև տեղեկացրել է, որ աշխատանքը շարունակվելու է կոմիտեներում, որոնց անունների և գործունեության մասին կհայտարարեն հաջորդ մամուլի հաղորդագրություններում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *