Կարևոր է բարձրաձայն ասել նույնիսկ ամենաակնհայտ բանը


Հայաստան


«Ամենակարևորը ճանապարհներն են՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության հիմնական մեխ», – «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, պատասխանելով «Ռադիոլուրի» հարցերին, հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ առևտրային շփումներին և տնտեսական հեռանկարներին՝ Սիմոնյանը նշել է, որ նման քննարկումները շարունակական են լինելու։ Նրա գնահատմամբ՝ կողմերն ունեն նման գյուղատնտեսություն, և բանջարեղենն իր որակով գրեթե նույնն է, մինչդեռ Ադրբեջանն ունի նավթային ու գազային պաշարներ, որոնք առավելություն են տալիս, իսկ հայկական կողմն ունի որոշակի հանածոներ, որոնք նույնպես հետաքրքրություն են առաջացնում։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ տնտեսական համագործակցության տեսանկյունից երկրները գրավիչ են դառնալու միջազգային կազմակերպությունների համար, որոնք կոնկրետ ապրանքների հետ կապված պայմանական թույլտվություն են տալիս երեք երկրի՝ տարածաշրջանի համար, ինչն անհավանական հնարավորություններ է բացելու։

Խոսելով քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման տպավորությունների մասին՝ Սիմոնյանն ընդգծել է, որ կան հարցեր ու ընկալումներ, որոնք խոսելու, բացատրելու և ասելու կարիք ունեն։ Նա նշել է, որ թեև երբեմն ինչ-որ բան ակնհայտ է թվում, հաճախ՝ թե՛ մարդկային, թե՛ միջպետական հարաբերություններում, և առավել ևս հասարակությունների հետ շփման մեջ, կարևոր է բարձրաձայն ասել նույնիսկ ամենաակնհայտ բանը։

Ինչ վերաբերում է հարևան երկիր նախատեսվող առաջիկա այցի օրակարգին, ԱԽ քարտուղարը տեղեկացրել է, որ քննարկվելու են մշտական հարցերը, որոնց շուրջ պայմանավորվածություն կա գործընկերոջ հետ, և հանդիպման ընթացքում կպայմանավորվեն նաև հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Ըստ Սիմոնյանի՝ թեև կոնկրետ օրակարգ ֆիքսելը երբեմն ուղղություն է տալիս, սակայն քննարկվում են բազմաթիվ հարցեր, ուստի այս պահին դեռ հստակ մանրամասներ չի կարող հայտնել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *