Գրեթե 50 տարի առաջ տիեզերք արձակված «Վոյաջեր-1» տիեզերական սարքը դադարել է գիտական և տեխնիկական տվյալներ փոխանցել. հայտնում է NASA-ն։ Հայտարարության համաձայն՝ կապի խափանումը հայտնաբերվել է նոյեմբերի 14-ին։
Չնայած տվյալների բացակայությանը՝ կրող ազդանշանի առկայությունը վկայում է, որ սարքի կողմնորոշման և կառավարման համակարգի համակարգիչը շարունակում է աշխատել և անտենան ուղղված է պահում դեպի Երկիր։ Սա նշանակում է նաև, որ անտենան և հաղորդիչ սարքավորումները սարքին են։
Տվյալների բացակայությունը, հավանաբար, կապված է այն համակարգչի հետ, որը պատասխանատու է սարքի ենթահամակարգերից տեղեկությունների հավաքման և դրանք Երկիր փոխանցելու համար համապատասխան ձևաչափի վերածելու համար։
Մասնագետներն այժմ փորձում են պարզել՝ արդյոք ներկայիս խափանումը կապ ունի հոկտեմբերին տեղի ունեցած կապի կարճատև ընդհատման հետ։ Այդ ժամանակ «Վոյաջեր-1»-ի հետ կապն ամբողջությամբ կորել էր մոտ 48 ժամով։ Տիեզերական սարքն ինքնուրույն վերականգնել էր կապը և մինչև նոյեմբերի 14-ը գործել բնականոն ռեժիմով։