«Ռեդ Բուլ Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Դենի Ռյոլն ամփոփել է Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպումը, որն ավարտվել է ավստրիական թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Գերմանացի մասնագետը գոհունակություն է հայտնել արդյունքից, սակայն ընդգծել է, որ թիմը պետք է ավելի արդյունավետ գործի հարձակման գծում․ «Շատ գոհ եմ։ Եվրագավաթներում հեշտ հանդիպումներ չեն լինում։ Մրցակցին դժվար էր վերահսկել, և նա սպասվածից ավելի խորն էր պաշտպանվում։ Չիրացված պահերի պատճառով ինքներս մեզ համար բարդացրինք կյանքը, սակայն կարևորն այն է, որ կրկին անառիկ պահեցինք մեր դարպասը։ Պետք է ավելի նպատակասլաց գործենք․ գրոհների կառուցման փուլում մի քանի լավ հնարավորություն բաց թողեցինք, բայց բավականին հաճախ էինք հայտնվում մրցակցի տուգանային հրապարակում, ինչը շատ լավ է»։
Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Ռյոլն անդրադարձել է նաև մրցաշարային իրավիճակին: «Շատ ուրախ եմ, որ վաստակեցինք կարևոր երեք միավոր։ Յոթ միավորով այժմ մեր վիճակը բավականին լավ տեսք ունի»։
Անդրադառնալով ավելացված ժամանակում (90+2) Կարիմ Կոնատեի չիրացրած 11-մետրանոցին և հարվածողի ընտրության շուրջ առաջացած քննարկումներին՝ Ռյոլը Sky Sport Austria-ին ասել է, որ այդ հարցը կլուծեն թիմի ներսում։
Նոյեմբերի 26-ին Զալցբուրգի «Ռեդ Բուլ Արենայում» կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել էր առանց գոլերի։ 48-րդ րոպեին հաշիվը բացել էր Բարտոշ Մազուրեկը, իսկ երեք րոպե անց սեփական դարպասը գրավել էր «Արարատ-Արմենիայի» պաշտպան Մաքսանս Կառլիեն։
«Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայում նախ կմրցի «Սարդարապատի» (նոյեմբերի 30) և «Փյունիկի» (դեկտեմբերի 5) հետ, իսկ Եվրոպա լիգայի հաջորդ տուրում՝ դեկտեմբերի 10-ին, կհյուրընկալի նիդեռլանդական ՆԵԿ-ին։
armsport.am