Ուկրաինան միջազգային գործընկերներին ներկայացրել է Սև ծովում հրադադարի հասնելու իր առաջարկները և սպասում է Ռուսաստանի պատասխանին։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան՝ ելույթ ունենալով «Grain from Ukraine» («Հացահատիկ Ուկրաինայից») խորագրով V միջազգային համաժողովում։
Նա շնորհակալություն է հայտնել Հնդկաստանին, Թուրքիային ու Եգիպտոսին՝ Սև ծովում լարվածության նվազեցմանն ուղղված միջնորդական ջանքերի համար։
Սիբիհան նշել է, որ Ռուսաստանն ամեն անգամ Ուկրաինայի առաջարկներին պատասխանում է լրացուցիչ պայմաններով։ Այս անգամ Մոսկվան առաջարկում է համաձայնագրում ներառել նաև ռուսական նավթի արտահանման հարցը։
Նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է նավթի արտահանման հարցը քննարկել ավելի լայն էներգետիկ հրադադարի շրջանակում։ Սակայն Սև ծովում հրադադարը պետք է տարածվի բացառապես գյուղատնտեսական արտադրանքի փոխադրման վրա։
Նա ընդգծել է Սև ծովում նավագնացության ազատությունը վերականգնելու նպատակով Ռուսաստանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու կարևորությունը։
Ինչպես հաղորդվում է, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում Ուկրաինայի հետ Սև ծովում ժամանակավոր համաձայնագիր կնքել՝ առանց երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի։