Ռումինիան դիմել է Գերմանիային՝ խնդրելով ուժեղացնել ռազմական ներկայությունն իր տարածքում, այդ թվում՝ լրացուցիչ ստորաբաժանումներ և ռազմական տեխնիկա ուղարկել։ Դրա մասին հայտարարել է Ռումինիայի արտգործնախարար Դան Նեկուլեեսկուն՝ Բեռլինում իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ բանակցություններից հետո։
Բուխարեստն իր խնդրանքը բացատրում է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակի սրմամբ, հաղորդում է Bild-ը։ Ըստ Նեկուլեեսկուի՝ Ռուսաստանի կողմից սադրանքների թիվն աճել է, դրանց թվում՝ օդային տարածքի խախտումները, քաղաքացիական նավերի վրա հարձակումներն ու դիվերսիաները։ ՆԱՏՕ-ի երկրների թվում Ռումինիան Ուկրաինայի հետ ամենաերկար ցամաքային սահմանն ունի և հատկապես խոցելի է պատերազմի հետևանքների առումով։
Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական անօդաչու թռչող սարքերը 33 անգամ ներխուժել են երկրի օդային տարածք, ընդ որում՝ այդ դեպքերից 18-ը տեղի է ունեցել 2026 թվականին։ Երեք անօդաչու սարք խոցվել է։ Մայիսին սարքերից մեկն ընկել է Գալաց քաղաքի խիտ բնակեցված թաղամասում, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել։
Ռումինիան միաժամանակ ակնկալում է Գերմանիայի մասնակցությունը Սև ծովում ծովային անվտանգության կենտրոնի ստեղծմանը։ Այն պետք է տեղակայվի Ռումինիայի տարածքում և բարելավի տարածաշրջանում իրավիճակի դիտարկումը։ Նեկուլեեսկուն անհրաժեշտ է համարել Բեռլինի մասնակցությունն այդ նախագծին։