Լիդսի համալսարանի հետազոտողները զարմանալի բացահայտում են արել. թիմը հայտնաբերել է բնական մոլեկուլ, որն առանցքային դեր է խաղում մկանային ուժի մեծացման և ֆիզիկական աշխատունակության բարելավման գործում։ Հայտնի է, որ այդ մոլեկուլն օրգանիզմում արտադրվում է ֆիզիկական վարժությունների ժամանակ և կարող է հիմք դառնալ բուժման ապագա մեթոդների համար, որոնք ուղղված կլինեն մկանները 2-րդ տիպի շաքարային դիաբետի հետ կապված վնասումներից պաշտպանելուն, գրում է Science Daily-ն։
Այս յուրահատուկ մոլեկուլը հայտնի է որպես L-β-ամինաիզոկարագաթթու (L-BAIBA) և անհրաժեշտ է ֆիզիկական ծանրաբեռնվածությանը մկանների հարմարվելու համար։ Հետազոտողները նշում են նաև, որ մոլեկուլը նպաստում է մկանների ամրապնդմանը, բարձրացնում դրանց դիմադրողականությունը հոգնածության նկատմամբ, ինչպես նաև պաշտպանում վնասումներից և թուլացումից։
Հետազոտությունը ցույց է տվել, որ L-BAIBA-ն կենսաբանական այն գործընթացների կարևորագույն կարգավորիչն է, որոնց շնորհիվ մարզումներին ի պատասխան մկաններն ավելի ուժեղ են դառնում, փոխում են իրենց կառուցվածքը և բարձրացնում դիմացկունությունը։
Նշենք, որ առողջության համար ֆիզիկական վարժությունների օգտակարությունը գիտությանը լավ հայտնի է, սակայն գիտնականները դեռևս լիովին չեն հասկանում այն կենսաբանական մեխանիզմները, որոնք օրգանիզմին հնարավորություն են տալիս հարմարվել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, հաղորդում է «Фокус»-ը։ Այժմ պրոֆեսոր Լի Ռոբերթսի ղեկավարությամբ իրականացված նոր հետազոտության շրջանակում գիտնականները կենտրոնացել են այն հարցի ուսումնասիրության վրա, թե արդյոք այս գործընթացները կարող են հուշել խրոնիկական հիվանդությունների, օրինակ՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման նոր մոտեցումներ։
Ի դեպ, այս յուրահատուկ մոլեկուլի նկատմամբ հետաքրքրությունը պահպանվում է արդեն ավելի քան 10 տարի։ Դեռևս 2024 թվականին գիտնականները ցույց էին տվել, որ L-BAIBA-ն դրական ազդեցություն ունի նյութափոխանակության վրա՝ օգնելով օրգանիզմին ֆիզիկական ակտիվության ժամանակ այրել ճարպերը։ Ներկայում L-BAIBA-ն վաճառվում է որպես սննդային հավելում։
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները բացահայտել են L-BAIBA մոլեկուլի ևս մեկ կարևոր գործառույթ։ Արդյունքները վկայում են, որ մոլեկուլը գործում է որպես քիմիական միջնորդ՝ ֆիզիկական ակտիվությունը կապելով մկանների կառուցվածքի և նյութափոխանակության օգտակար փոփոխությունների հետ և օգնելով դրանց հարմարվել իրենց ներկայացվող պահանջներին։ Գիտնականները կարծում են, որ ապագայում իրենց բացահայտումը կարող է օգնել մկանները պաշտպանել 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում առաջացող վնասումներից։