Բրազիլիայի հարավում գտնվող Բալնեարիու Կամբորիու քաղաքում կառուցվող Senna Tower երկնաքերի շինարարությունը հասել է կարևոր փուլի․ ավարտվել է ցցային հիմքի կառուցումը։ Դրա մասին հայտնել է նախագիծը ղեկավարող Talls Solutions ընկերության գործադիր տնօրեն, շինարարական ինժեներ Ստեֆան Դոմենյինին։
Ակնկալվում է, որ բնակելի աշտարակի բարձրությունը կգերազանցի 550 մետրը։ Այսպիսով՝ այն ավելի բարձր կլինի, քան Նյու Յորքի One World Trade Center-ը, որի բարձրությունը մոտ 541 մետր է, և կդառնա աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերը։
Հիմնային աշխատանքները ներառել են աշտարակի հիմնական հիմնասալի տակ 798 հորատալցոնային ցցերի տեղադրումը։ Յուրաքանչյուր ցցի տրամագիծը 60 սանտիմետր է, իսկ երկարությունը՝ 27-ից 44,5 մետր։ Ցցերը խորացվել են ժայռային հիմնաշերտի մեջ, հաղորդում է Naked-Science-ը։ Այժմ շինարարները կարող են անցնել զանգվածեղ երկաթբետոնե հիմնասալի կառուցմանը, որը բաշխելու է շենքի վերգետնյա կառուցվածքի բեռնվածքը։
Այս փուլի ավարտին նախորդել են ավելի քան չորս տարվա ուսումնասիրություններ, ինչպես նաև փորձարկումների ու ստուգումների լայնածավալ ծրագիր, որը Talls Solutions ընկերությունն իրականացրել է բրազիլական կառուցապատող FG Empreendimentos ընկերության և ներգրավված մասնագիտացված խորհրդատուների հետ համատեղ։
Senna Tower-ը տարբեր երկրներում իրականացվող ռեկորդային բարձրությամբ երկնաքերերի մի քանի նախագծերից մեկն է։ Դրանց թվում է Սաուդյան Արաբիայի Jeddah Tower-ը, որի շինարարության ավարտը սպասվում է մինչև 2028 թվականը։ Դրա բարձրությունը պետք է գերազանցի մեկ կիլոմետրը։