«Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Սևանի «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև թերակղզի ճեմուղի կառուցելու հարցը կրկին օրակարգ է բերվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի՝ ծրագրի իրականացման հետ կապված գույքային, հողօգտագործման, քաղաքաշինական, բնապահպանական և ֆինանսական հարցերն ուսումնասիրելու համար։

https://arlis.am/hy/acts/144469

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծրագիրն առնվազն յոթ տարվա պատմություն ունի։

Դեռևս 2019 թվականի դեկտեմբերին Քաղաքաշինության կոմիտեն «Արխիտոն» ընկերության հետ 43 մլն դրամի պայմանագիր էր կնքել Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման համար։

https://www.minurban.am/hy/post/hamategh-shrjayts-lchashen-syevan-chemughu-karutsman-nakhagtsayin-lutsumner-teghum-usumnasirelu-npatakov

2020 թվականի հուլիսի 16-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր շուրջ 10 կմ երկարությամբ ափամերձ ճեմուղու կառուցման հարցերով աշխատանքային խումբ՝ Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ։ Խմբում ընդգրկված էին նաև այն ժամանակվա պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Վարազդատ Կարապետյանը և ոլորտային կառույցների ներկայացուցիչներ։

Աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրեր տարածքում առկա հողամասերի և շինությունների սեփականության, գնահատման, հնարավոր փոխհատուցման ու ապօրինի կառույցների ապամոնտաժման հարցերը և արդյունքները ներկայացներ մինչև 2020 թվականի օգոստոսի 17-ը։ Սակայն նախագիծն այդպես էլ չներկայացվեց, արդյունքը չտեսանք։

Ծրագիրը կրկին ակտիվ քննարկման առարկա դարձավ 2025 թվականին։ Մայիսի 21-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ և Հայկ Սարգսյանի մասնակցությամբ քննարկում անցկացվեց, իսկ մայիսի 27-ին նրանք մասնագետների հետ այցելեցին նախատեսվող ճեմուղու տարածք, ուսումնասիրեցին հետագիծը, հանդիպեցին տնտեսվարողների հետ և գույքագրեցին խնդիրները։ Էլի ոչինչ չեղավ։

Այժմ՝ 2026 թվականի նոյեմբերի 25-ի N 1173-Ա որոշմամբ, Փաշինյանը ուժը կորցրած է ճանաչել 2020 թվականի որոշումը և նախաձեռնել նոր աշխատանքային խմբի ստեղծում։ Այն կրկին կղեկավարի Գեղարքունիքի մարզպետը, այս անգամ՝ Կարեն Սարգսյանը։ Խմբին երկու ամիս ժամանակ է տրվել՝ վարչապետին ամփոփ զեկույց և առաջարկություններ ներկայացնելու համար։

Ուշագրավ է, որ նոր խումբը խորհրդատվական մարմին է լինելու․ առաջարկությունները պարտադիր բնույթ չեն կրելու, չեն փոփոխելու գույքային իրավունքները և չեն սահմանելու փոխհատուցման պարտավորություն կամ չափ։

Ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներից շարունակում են մնալ նախատեսվող ճեմուղու երկայնքով առկա բազմաթիվ շինությունների, հողերի սեփականության և տարածքների ազատման հարցերը։ Այսինքն՝ եթե որոշվի, որ ճեմուղին այդտեղ պետք է կառուցվի, անխուսափելիորեն առափնյա բազմաթիվ ռեստորաններ ու հյուրանոցներ պետք է քանդվեն։

Այսպիսով, 43 մլն դրամի նախագծային պայմանագրից, տարիների քննարկումներից, տեղում ուսումնասիրություններից և աշխատանքային խմբերի գործունեությունից հետո շինարարության մեկնարկ չտրվեց։ 7 տարի անց կառավարությունը կրկին ուսումնասիրում է այն խնդիրները, բայց հայտնի չէ՝ որքան գումար է ներդնելու այս անգամ, որոնց լուծման համար դեռևս 2020 թվականին ընդամենը մեկ ամիս էր նախատեսել։ Փաստացի 43 մլն դրամ անօգուտ ծախսվել է։

Մոտավորապես՝ Աջափնյակի մետրոյի նման ձախողված մի ծրագիր է սա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *