Լիբիայի արևելյան վարչակազմը մտադիր է Ուկրաինայից փոխհատուցում պահանջել Բենգազիի նավահանգստին հասցված և երկու զինծառայողի կյանք խլած հարվածի համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի արևելքում գործող կառավարության արտաքին գործերի նախարար Աբդ ալ-Հադի ալ-Հուվեյջը։
«Լիբիայի կառավարությունը հաստատել է, որ լիարժեք օրինական իրավունք ունի փոխհատուցում և այս հարձակումների պատճառած վնասի հատուցում պահանջելու համար։ Ընդգծում ենք, որ միջազգային իրավունքի և իրավական պատասխանատվության նորմերի համաձայն՝ փոխհատուցման ցանկացած պահանջ պետք է ներառի թե՛ մարդկային, թե՛ նյութական կորուստները»,— հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն նավահանգստի ենթակառուցվածքներին ու տնտեսական օբյեկտներին հասցված վնասի, այլև զոհվածների ու տուժածների ընտանիքների իրավունքների մասին է։
Ավելի վաղ Լիբիայի Նախագահական խորհրդի անդամ Մուսա ալ-Կունին Բենգազիի նավահանգստին հասցված հարվածների պատասխանատվությունը դրել էր Կիևի վրա՝ դրանք անթույլատրելի անվանելով։ Արևելյան Լիբիայի կառավարության արտգործնախարարությունը նաև պաշտոնական պարզաբանումներ է պահանջել Ուկրաինայից՝ հարձակմանը Կիևի մասնակցության մասին տեղեկությունների առնչությամբ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով տեղի ունեցածը, ավելի վաղ պնդել էր, թե միջազգային ջրերում կամ այլ երկրների ենթակառուցվածքների մոտ գործողություններ իրականացնելիս ուկրաինացի դիվանագետները համագործակցում են այդ պետությունների ներկայացուցիչների հետ։
Սակայն Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ լիբիական նավահանգստի վրա հարձակումը համակարգելու մասին Զելենսկու խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։
Ըստ հրապարակված տվյալների՝ ուրբաթ օրը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ զրույցում Զելենսկին հերքել է իր նախնական հայտարարությունը և խոստովանել, որ Բենգազիի նավահանգստին Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածը համաձայնեցված չի եղել Կիևի արևմտյան դաշնակիցների հետ։
Հարձակման հետևանքով զոհվել է Լիբիայի ազգային բանակի ռազմածովային ուժերի երկու զինծառայող։ Արևելյան Լիբիայի կառավարությունը մտադիր է հասնել ինչպես նյութական վնասի, այնպես էլ մարդկային կորուստների փոխհատուցման։