ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ավելի քան 81,5 միլիոն դոլար է հատկացրել Կուբայի Գուանտանամոյի ռազմածովային բազայում միգրանտներին տեղակայելու և պահելու համար, սակայն գործողության ամբողջ ընթացքում այնտեղ պահվել է ընդամենը 849 մարդ։ Այս մասին վկայում է Պենտագոնի գլխավոր տեսուչի՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցը, հաղորդում է CNN-ը։
Փաստաթղթի համաձայն՝ 2025 թվականին «Southern Guard» գործողության մեկնարկից ի վեր ռազմական գերատեսչությունը ստանձնել է 81 525 406 դոլարի ֆինանսավորման պարտավորություն։ Ընդ որում՝ բազայում միաժամանակ գտնվող միգրանտների առավելագույն թիվը չի գերազանցել 399-ը։
2025 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր Գուանտանամոն պատրաստել «Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող առանձնապես վտանգավոր օտարերկրացի հանցագործներին» պահելու համար։ Այն ժամանակ նա պնդում էր, թե բազան կարող է ընդունել 30 հազար մարդու՝ անմիջապես կրկնապատկելով երկրի հնարավորություններն այս ոլորտում։
Սակայն դեռ այն ժամանակ ամերիկացի պաշտոնյաները կասկածում էին, որ բազան ունի նման ենթակառուցվածք։ ԱՄՆ ներկայացուցիչներից մեկը CNN-ին հայտնել էր, որ նման տարողունակություն գուցե եղել է 1990-ականներին, բայց այլևս անիրատեսական է։ 2025-ի փետրվարին զինվորականները սկսել են վրանային ճամբարներ կահավորել և հարյուրավոր զինծառայողներ գործուղել բազա՝ ակնկալելով այնտեղ ժամանակավորապես պահել հազարավոր միգրանտների՝ նախքան հայրենիք վերադարձնելը։
Զեկույցի համաձայն՝ սեպտեմբերի 3-ի դրությամբ բազայում ընդամենը ութ միգրանտ է եղել։ Մինչդեռ 2026 թվականի սեպտեմբերին շուրջ 350 ամերիկացի զինծառայող շարունակել է աջակցել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության գործողություններին, թեև նրանց ստույգ թիվը կարող էր փոխվել։
2026-ի հուլիսից սեպտեմբեր միգրանտները բազայում մնացել են միջինը յոթ օր։ Սակայն գործողության մեկնարկից ի վեր պահման ժամկետները երկարել են, քանի որ որոշ երկրներ հրաժարվում են հետ ընդունել իրենց քաղաքացիներին, իսկ չվերթների կազմակերպումը դժվարություններ է առաջացնում։ Արդյունքում միգրանտներից մեկը Գուանտանամոյում անցկացրել է 102 օր։
Գործողության ֆինանսավորման հիմնական մասն ապահովել են ԱՄՆ ցամաքային զորքերը։ Զեկույցում չի նշվում, թե կոնկրետ ինչի վրա են ծախսվել այդ միջոցները։
Ավելի վաղ CNN-ի աղբյուրները հայտնել էին, որ գործողությունը մեկնարկել է նախքան մի շարք սկզբունքային հարցերի, այդ թվում՝ իրականացման և ֆինանսավորման պատասխանատվության բաշխման վերջնական համաձայնեցումը։ «Մինչև սկսելը պետք էր ավելի մանրակրկիտ պլանավորել։ Հիմա գործողությունն արդեն ընթացքի մեջ է, և բոլորը հետին թվով փորձում են պլան կազմել»,— ասել է իրավիճակին ծանոթ՝ հեռուստաալիքի աղբյուրը։