ԱՄՆ Նեբրասկա նահանգից հանրապետական սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինը՝ Բրյուս Ֆիշերը, ինքնասպան է եղել։ Այս մասին ուրբաթ հայտնել է սենատորի գրասենյակի ներկայացուցիչը՝ հստակեցնելով նրա մահվան վերաբերյալ ավելի վաղ հրապարակված տեղեկությունը։
Երկուշաբթի Ֆիշերի գրասենյակը հայտնել էր, որ նրա ամուսինը մահացել է կիրակի՝ «խաղաղությամբ՝ զբաղվելով իր ամենասիրելի գործով՝ ժամանակ անցկացնելով բնության գրկում»։ Սակայն մահվան հանգամանքները լրացուցիչ ուսումնասիրելուց հետո ընտանիքը պարզել է, որ նա ինքնասպան է եղել։
«Սկզբում կարծում էինք, որ Բրյուսը խաղաղ մահացել է տանը։ Հետագա քննությամբ պարզվել է, որ նա որոշել է վերջ տալ իր կյանքին»,– ասվում է սենատորի ներկայացուցչի՝ X սոցիալական ցանցում հրապարակած հայտարարության մեջ։
Ընտանիքը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների համար և խնդրել հարգել իր վիշտը։ Ֆիշերի գրասենյակը նշել է, որ այս պահին լրացուցիչ մանրամասներ չի հրապարակի։
Ավելի վաղ սենատորն ամուսնուն անվանել էր իր կյանքի ուղեկիցը, գլխավոր հենարանն ու ընտանիքի սիրտը։ Նրանք ամուսնացած էին 54 տարի։
ԱՄՆ Սենատի կայքում հրապարակված կենսագրության համաձայն՝ Դեբ Ֆիշերն անասնապահությամբ զբաղվող Բրյուսի հետ ծանոթացել է Նեբրասկա-Լինքոլնի համալսարանում սովորելիս։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվել են Նեբրասկայի Վալենթայն քաղաքի մերձակայքում գտնվող ընտանեկան ռանչո, որտեղ մեծացրել են իրենց երեք որդիներին։
«Նրա բարությունը, ազնվությունն ու հանգիստ ուժն անջնջելի հետք են թողել նրան ճանաչողների սրտերում»,– ամուսնու մասին ասել է սենատորը։
Նա նաև նշել է, որ խնամքով կպահի Նեբրասկայի Սենդհիլս շրջանում միասին անցկացրած տասնամյակների հիշողությունները։
75-ամյա Դեբ Ֆիշերը 2013 թվականից ԱՄՆ Սենատում ներկայացնում է Նեբրասկա նահանգը։