
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետպատվերն ավարտվեց, պարգևավճարների տրամադրումը շարունակվում է:
Ի՞նչ կլինի Հայաստանի սահմանները պաշտպանող զինծառայողի հետ, երբ վերջինս տեղեկանա, որ իր ծնողները բուժօգնության կարիք ունեն, իսկ պետությունը վերջիններիս չի սպասարկում:
Այժմ, ըստ էության:
Նոր Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողներն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու (պետպատվերի) իրավունքից: Այլ կերպ ասած` եթե ՀՀ քաղաքացիների որդին պարտադիր զինվորական ծառայության մեջ է, ապա նրանց բուժսպասարկումն անվճար է: Համենայնդեպս, օրենքով այդպես է:
Սակայն, այս օրերին զինծառայողների ծնողներն այլևս զրկվել են բուժհաստատություններում անվճար սպասարկվելու իրավունքից: Ասում են` «պետպատվերի լիմիտն է սպառվել»:
Իրականում` վատ չէր մտածված: Մեծ հաշվով, տեղի էր ունենում «փոխանակում»` ծառայության դիմաց անվճար բուժսպասարկում: Այսինքն, առկա է երկուստեք պայմանավորվածություն, որն իրենից նաև ենթադրում է կողմերի միջև պատասխանատվություն: Այժմ կողմերից մեկը` Հայաստանն, ի դեմս Կառավարության, միակողմանի չի կատարում զինծառայողների ծնողների հանդեպ ստանձնած պարտավորությունը` նրանց դադարեցրել է անվճար բուժօգնություն տրամադրել: Այս իմաստով, ի՞նչ կլինի, եթե զինծառայողները ևս դադարեցնեն կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Չէ՞ որ պարտավորությունները երկուստեք են: Եվ, եթե զինծառայողները դադարեցնեն կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններն, ապա Հայաստանն այլևս գոյություն չի ունենա: Ոչ Նոր Հայաստան, ոչ էլ` Հին: Նույնիսկ մարդ չի մնա, որ պարգևավճար ստանա»: