Պահպանողականները հաղթել են Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ընտրություններում

Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը, նախնական կանխատեսումների համաձայն, համոզիչ հաղթանակ է տարել Վիկտորիա նահանգի ընտրություններում՝ վերջ դնելով լեյբորիստների 12-ամյա կառավարմանը։

Ինչպես հաղորդել է ABC ազգային հեռուստառադիոընկերությունը, նահանգի նոր վարչապետ կդառնա լիբերալների 36-ամյա առաջնորդ Ջես Ուիլսոնը։

Վիկտորիան, որտեղ գտնվում է Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մելբուռնը, համարվում է երկրի առանցքային տարածաշրջաններից մեկը։ Պահպանողականների հաղթանակը լուրջ հարված է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի Լեյբորիստական կուսակցությանը։ Ալբանիզն այժմ կառավարության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի կեսին է։

Վիկտորիայի գործող վարչապետ Բեն Քերոլը, որը կորցրել է տեղը նահանգի խորհրդարանում, ընդունել է պարտությունը ընտրատեղամասերի փակումից մի քանի ժամ անց։ Նա նշել է, որ լեյբորիստներն ակտիվ քարոզարշավ են անցկացրել, սակայն չեն կարողացել հաղթահարել ընտրողների կուտակված դժգոհությունը։

«Մենք Վիկտորիայի պատմության մեջ ամենաերկար կառավարած լեյբորիստական կառավարության մասն էինք»,- հայտարարել է Քերոլը։ «Ժողովրդավարությունը միաժամանակ գեղեցիկ է և դաժան»,- հավելել է նա։

Ուիլսոնը խոստանում է վերականգնել բյուջետային կարգապահությունը և կրճատել Վիկտորիայի պետական պարտքը, որը համարվում է ամենաբարձրը Ավստրալիայի նահանգների շարքում։ Նա ներկայացրել է 20 մլրդ ավստրալական դոլարի (մոտ 13 մլրդ ԱՄՆ դոլար) տնտեսական միջոցառումների ծրագիր։ Առաջարկների թվում է կոյուղու համակարգի մասնավորեցման վիճահարույց նախաձեռնությունը։ Ուիլսոնը կդառնա Լիբերալ կուսակցության առաջին կին առաջնորդը, որը կգլխավորի Վիկտորիայի կառավարությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *