Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը մերժել է Մեծ Բրիտանիայի կառավարման ներքո գտնվող Ֆոլկլենդյան կղզիների շրջանում նավթահորերի հորատումը ժամանակավորապես կասեցնելու Արգենտինայի դիմումը, հայտնել է Associated Press-ը։
Որոշումն ընդունվել է շաբաթ օրը Համբուրգում կայացած հատուկ նիստում․ Բուենոս Այրեսի պահանջին դեմ է քվեարկել 18 դատավոր, կողմ՝ երեքը։
Վեճը վերաբերում է նավթի ծովային արդյունահանման Sea Lion նախագծին, որը գտնվում է Ֆոլկլենդյան կղզիներից արևելք ընկած ջրերում՝ Արգենտինայի հարավարևելյան ափից մոտ 480 կիլոմետր հեռավորության վրա։ Բուենոս Այրեսը հանքավայրի շահագործումը համարում է բնական պաշարների ապօրինի շահագործում այն տարածքում, որի նկատմամբ հավակնություններ ունի։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը և գլխավոր դատախազ Էլլի Ռիվզը ողջունել են տրիբունալի որոշումը։ Համատեղ հայտարարության մեջ նրանք Արգենտինային կոչ են արել հարգել կղզիների շուրջ 3 500 բնակիչների՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը և հրաժարվել կղզեխմբի նկատմամբ ավելի լայն տնտեսական ճնշում գործադրելուց։
«Այս արդյունքը հաստատում է Մեծ Բրիտանիայի իրավական ամուր դիրքորոշման և մեր ընտրած ռազմավարության հիմնավորվածությունը։ Մեծ Բրիտանիան չի կասկածում Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ իր ինքնիշխանությանը, շրջակա ծովային տարածքների նկատմամբ իր ինքնիշխան իրավունքներին և կղզիների բնակիչների ինքնորոշման իրավունքին»,— ասվում է հայտարարության մեջ։
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն ավելի վաղ խոստացել էր միջոցներ ձեռնարկել կղզիների շրջանում նավթի արդյունահանմանը մասնակցող ընկերությունների դեմ։ Նա նաև բրիտանա-իսրայելական համատեղ նախագիծն անվանել էր «ակնհայտ և անմիջական սպառնալիք» կղզեխմբի նկատմամբ Արգենտինայի հավակնությունների համար։
Ակնկալվում է, որ տրիբունալի որոշումից հետո Rockhopper Exploration և Navitas Petroleum ընկերությունները կշարունակեն հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները՝ Ֆոլկլենդյան կղզիների իշխանությունների տրամադրած և Մեծ Բրիտանիայի աջակցությունը վայելող արտոնագրերի հիման վրա։
Լոնդոնը հայտարարում է, որ կղզիներից մոտ 225 կիլոմետր հյուսիս գտնվող հանքավայրում հորատումը կսկսվի 2027 թվականի մարտից ոչ շուտ։ Արդյունահանման մեկնարկը սպասվում է մեկ տարի անց։
Վեճը կրկին հիշեցրել է 1982 թվականին Ֆոլկլենդյան կղզիների համար Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև տեղի ունեցած պատերազմի մասին։ Արգենտինան կղզեխումբն անվանում է Մալվինյան կղզիներ և վիճարկում դրա նկատմամբ բրիտանական ինքնիշխանությունը։ Մեծ Բրիտանիան կղզիները վերահսկում է 1833 թվականից։