Եվրոպան պատրաստվում է առաջին անգամ ինքնուրույն տիեզերագնացներ ուղարկել տիեզերք

Եվրոպան կարող է առաջին անգամ ստեղծել տիեզերական անձնակազմով թռիչքների սեփական ծրագիրը՝ ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու և ինքնուրույն տիեզերագնացներ տիեզերք ուղարկելու համար, գրում է The Guardian-ը։

Շուրջ 10 մլրդ եվրո արժողությամբ ծրագրի մեկնարկի մասին որոշումը եվրոպական երկրների նախարարները պետք է ընդունեն դեկտեմբերի 15-ին Հռոմում։

Նախագիծը նախատեսում է եվրոպական բազմակի օգտագործման տիեզերանավի, ինչպես նաև արձակման և վայրէջքի ենթակառուցվածքների ստեղծում։ Դրանց տեղակայման հավանական վայրը կլինի Ֆրանսիական Գվիանան, որտեղ գտնվում է Կուրու տիեզերակայանը։ Այնտեղից Եվրոպան արդեն շուրջ 45 տարի արբանյակներ է արձակում Arianespace ընկերության միջոցով։

Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) ղեկավար Յոզեֆ Աշբախերը ծրագրի հնարավոր հաստատումն անվանել է պատմական պահ։ Նրա կարծիքով, տիեզերքի աճող առևտրայնացումը, Ռուսաստանի ռազմական հավակնությունները և ԱՄՆ-ի ապագա քաղաքականության շուրջ անորոշությունը ցույց են տվել, թե որքան խոցելի է Եվրոպան, որը անձնակազմով թռիչքների հարցում ապավինում է այլ երկրների։

«Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա իրավիճակն ԱՄՆ-ում անձնակազմով տիեզերագնացության ոլորտում։ NASA-ի հետ հարաբերությունները լավ և ամուր են, բայց հանգամանքները կարող են փոխվել», — նշել է Աշբախերը։ Նա ընդգծել է, որ սեփական ծրագրի ստեղծումը չի նշանակում ամերիկյան գործակալության հետ համագործակցությունից հրաժարում, այլ Եվրոպային թույլ կտա ինքնուրույն որոշումներ ընդունել և պատրաստվել տարբեր սցենարների։

Եվրոպական իշխանությունների լրացուցիչ մտահոգության պատճառ են դարձել SpaceX ընկերության արբանյակային համակարգերին Ուկրաինայի հասանելիության սահմանափակումները. այդ համակարգերն օգտագործվում են նաև ռազմական նպատակներով։ Աշբախերը նշել է, որ Եվրոպան ԱՄՆ-ից հետ է մնում նաև արբանյակային ենթակառուցվածքների զարգացման հարցում. ամերիկյան SpaceX-ը մի քանի տարով առաջ է եվրոպական նախագծերից։ Մասնավորապես, եվրոպական IRIS² արբանյակային կապի համակարգը, որը կոչված է դառնալու Starlink-ի մրցակիցը, կսկսի գործել 2029 թվականից ոչ շուտ։

ԵՏԳ-ն նաև զգուշացնում է տիեզերքում աճող սպառնալիքների մասին։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել ուղեծրում միջուկային զենք տեղակայելու՝ Ռուսաստանի հնարավոր ծրագրերի մասին, իսկ հոկտեմբերին ռուսաստանյան «Կոսմոս-2612» արբանյակը, առկա տվյալներով, մոտեցել էր Երկրի դիտարկման առևտրային արբանյակին՝ հասնելով դրանից շուրջ 1,6 կմ հեռավորության։ Աշբախերը հայտարարել է, որ նման գործողությունները մտահոգություն են առաջացնում, քանի որ արբանյակների ոչնչացումը կարող է ուղեծրերը դարձնել ոչ պիտանի բոլոր երկրների, այդ թվում՝ հարձակումը նախաձեռնողի համար։

Անձնակազմով թռիչքների եվրոպական ծրագիրը դիտարկվում է նաև որպես սեփական արդյունաբերությանն աջակցելու և ներդրումները տարածաշրջանում պահելու հնարավորություն։ ԵՏԳ ղեկավարի կարծիքով, ամերիկյան արձակումներից կախվածության պատճառով եվրոպական միջոցների զգալի մասն ուղղվում է ԱՄՆ-ի ընկերություններին, ինչը թուլացնում է եվրոպական արտադրողների դիրքերը։

Սեփական անձնակազմով տիեզերանավ ստեղծելու Եվրոպայի վերջին փորձը ձեռնարկվել է 1992 թվականին՝ Hermes նախագծի շրջանակում։ Տիեզերական ինքնաթիռի մշակումը, որը պետք է մրցակցեր ամերիկյան շաթլների հետ, դադարեցվել է Challenger շաթլի աղետից հետո ծախսերի աճի պայմաններում։

Եթե ԵՏԳ անդամ 23 պետությունները դեկտեմբերին հաստատեն նոր նախաձեռնությունը, գործակալությունը կսկսի նախապատրաստական աշխատանքները՝ դրանց հատկացնելով 280 մլն եվրո, որն ազատվել է NASA-ի երկու նախագծերի՝ Gateway լուսնային կայանի և Մարսից նմուշներ բերելու առաքելության կասեցումից հետո։ Ծրագրի ամբողջական ֆինանսավորման մասին որոշումն ակնկալվում է ԵՏԳ-ի հաջորդ նախարարական նիստում՝ 2028 թվականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *