Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Էլմեդին Կոնակովիչը երկրից արտաքսել է իրանցի չորս դիվանագետի այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունները հայտնել են նրանց ենթադրյալ հետախուզական գործունեության մասին, հաղորդում է բոսնիական Istraga.ba-ն։
Պարբերականի տեղեկություններով, դիվանագետները Բոսնիա և Հերցեգովինայից հեռացել են նոյեմբերի 25-ին։ Նրանց թվում են Սարաևոյում Իրանի դեսպանության երրորդ քարտուղար Հոսեյն Մահդիան Ֆարդը, երկու կցորդներ Մորթեզա Ֆազալին և Էհսան Սաջադի Մոնազզահը, ինչպես նաև Սեյեդ Յասեր Սեյեդ Մոհամմադը։
Ինչպես պնդում է Istraga.ba-ն, մի քանի երկրների հատուկ ծառայություններ Մահդիան Ֆարդին կապում էին Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարության (MOIS) հետ։ Պարբերականի տվյալներով, արտաքսված մյուս երեք դիվանագետներին կապում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։
Մահդիան Ֆարդը Բոսնիա և Հերցեգովինայում աշխատում էր 2025 թվականի կեսերից, երբ պաշտոնապես հավատարմագրվել էր որպես Սարաևոյում Իրանի դեսպանության երրորդ քարտուղար։ Նախկինում նա աշխատել է Գերմանիայում։ Պարբերականը նաև նշում է, որ նախկինում նրան կապել են Բեռլինում ապօրինի գործունեության հետ, սակայն հրապարակման մեջ այդ մեղադրանքների մանրամասները չեն ներկայացվում։
Կոնակովիչն արտաքսման որոշումն ընդունել է օտարերկրյա ներկայացուցիչներին անցանկալի անձ հայտարարելու կարգը սահմանող կանոնների հիման վրա։ Ըստ 2004 թվականին ընդունված փաստաթղթի, արտաքին գործերի նախարարն իրավունք ունի ինքնուրույն նման որոշումներ կայացնել դիվանագիտական և ոչ դիվանագիտական անձնակազմի անդամների նկատմամբ՝ բացառությամբ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և մի շարք այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնց արտաքսման համար անհրաժեշտ է երկրի նախագահության որոշումը։