Վլադիվոստոկի դատարանը հեռակա կալանավորել է քաղաքի նախկին քաղաքապետ Վլադիմիր Նիկոլաևին, որին մեղադրանք է առաջադրվել շորթմամբ զուգորդված սպանության փորձի համար, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Խոսքը ենթադրաբար 1998 թվականին կատարված հանցագործության մասին է։
Նախկին քաղաքապետի պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է համարում և մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։
Հեռակա կալանավորման մասին որոշումը Վլադիվոստոկի Ֆրունզենսկի շրջանային դատարանը կայացրել է նոյեմբերի 27-ին։ Փաստաբան Անդրեյ Կոստյուչենկոյի հաղորդմամբ, Նիկոլաևը գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս, սակայն նրա գտնվելու ճշգրիտ վայրի մասին պաշտպանական կողմին հայտնի չէ։ Փաստաբանի պնդմամբ, հրապարակման պահին նախկին քաղաքապետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէր։
Գործը կապված է քրեական շրջանակներում Կաբան մականունով հայտնի գործարար Լեոնիդ Իվլևի վրա հարձակման հետ։ Քննության նյութերի համաձայն, 1998 թվականի փետրվարին Նիկոլաևը և նրա երկու ենթադրյալ հանցակիցները ծեծել են գործարարին՝ նրանից պահանջելով 300 հազար դոլար։ Գործարարի վրա նաև հրացանից են կրակել, սակայն նա ողջ է մնացել։
1999 թվականին Նիկոլաևն արդարացվել է շորթման գործով։ Այն ժամանակ դատարանը նշել էր, որ տուժողն ու ականատեսները չեն կարողացել ճանաչել հարձակվողին։ Սակայն 2026 թվականի օգոստոսին Վլադիվոստոկի Պերվորեչենսկի շրջանային դատարանը դատախազության ներկայացմամբ բեկանել է արդարացման դատավճիռը և գործի նյութերը վերադարձրել՝ մեղադրանքն ավելի ծանր հանցագործության՝ շորթմամբ զուգորդված սպանության փորձի վերաորակելու համար։
Դատախազության վարկածով, գրեթե 30 տարի անց տուժողին ու վկաներին կրկին հարցաքննել են։ Գերատեսչությունում պնդում են, որ նախկինում նրանք մեղադրող ցուցմունքներ չեն տվել իրենց կյանքի և առողջության համար մտավախությունների ու քրեական աշխարհի ներկայացուցիչների ճնշումների պատճառով։ Նիկոլաևի փաստաբանը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ քննությունն օգտագործել է կեղծ ցուցմունքներ և խեղաթյուրել իրադարձությունների հանգամանքները։
1990-ական թվականներին Նիկոլաևը համարվում էր Վլադիվոստոկի «Վինի Թուխեր» հանցավոր խմբավորման առաջնորդը։ Նրա ենթադրյալ դերի մասին հիշատակում կար Հեռավորարևելյան պետական համալսարանի՝ 1998 թվականին հրատարակած «Հեռավոր Արևելքի կազմակերպված հանցավորությունը. ընդհանուր և տարածաշրջանային գծեր» ուսումնական հրատարակության մեջ։
Նախկին քաղաքապետը նախկինում արդեն բազմիցս ենթարկվել է քրեական պատասխանատվության։ 1999 թվականին նա մեղավոր է ճանաչվել երկրամասի սպորտկոմիտեի նախագահին ծեծելու համար և դատապարտվել երեքուկես տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով ուղղիչ գաղութում, սակայն համաներմամբ ազատվել է պատժից։ 2007 թվականին դատարանը Նիկոլաևին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորություններն անցնելու և դրանք չարաշահելու համար. մասնավորապես, նա բյուջետային միջոցներ է օգտագործել զինված թիկնազոր պահելու համար և համայնքային չորս հողամաս ապօրինի վարձակալության է հանձնել մասնավոր անձանց։ Նրա նկատմամբ նշանակվել է չորսուկես տարվա պայմանական ազատազրկում։
2008 թվականին պայմանական պատիժը փոխարինվել է իրական ազատազրկմամբ, իսկ Նիկոլաևի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել այն բանից հետո, երբ նա չի ներկայացել պարտադիր հաշվառման։ Պաշտպանական կողմը նրա բացակայությունը բացատրում էր նրանով, որ նախկին քաղաքապետը բուժում էր անցնում Թաիլանդում։ 2013 թվականին իրական ազատազրկման մասին որոշումը չեղարկվել է, իսկ Նիկոլաևի նկատմամբ միջազգային հետախուզումը՝ դադարեցվել։ Նա Ռուսաստան է վերադարձել մի քանի տարի անց։
Բացի այդ, 2025 թվականին Պրիմորիեի երկրամասի դատարանները բավարարել են Նիկոլաևի, նրա հարազատների և նրանց վերահսկողության տակ գտնվող կառույցների գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության երկու հակակոռուպցիոն հայցերը։ Բռնագանձված ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցել է 20 միլիարդ ռուբլին։