Չեխիայի նախագահ Պետր Պավելը կիրակի օրը Չեխական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ներկա հանգամանքներում պատրաստ է կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում։
Ըստ նրա, առայժմ պահպանվում են երկրորդ ժամկետի համար առաջադրվելու երկու հիմնական պայմանները՝ իր և ընտանիքի անդամների առողջական վիճակը, ինչպես նաև հանրային աջակցությունը։ Միաժամանակ նա չի բացառել, որ հաջորդ տարի իրավիճակը կարող է փոխվել։
Նույն հաղորդման ընթացքում Չեխիայի նախագահը խստորեն քննադատել է պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի աշխատանքը, որին կառավարության կազմում առաջադրել է SPD շարժումը։ Պավելը նրա վերջին շրջանի գործունեությունը որակել է ավելի շուտ ապակառուցողական և Չեխիային վնաս հասցնող, քան երկրի համար օգտակար։
Չեխիայի նախագահի դժգոհությունների թվում են պաշտպանական ծախսերը սահմանափակելու փորձերը, այն հայտարարությունները, թե պաշտպանության համար ՀՆԱ-ի 2%-ի չափով ծախսերը բավարար են, ինչպես նաև մարտական փորձ ձեռք բերելու նպատակով Գլխավոր շտաբի պետ Միրոսլավ Հլավաչի՝ Ուկրաինա այցերին բազմիցս խոչընդոտելը։ Պավելը նաև դժգոհություն է հայտնել պաշտպանական գերատեսչությունում նախարարի կադրային որոշումներից։
Նախագահի կարծիքով, Զունայի գործողությունները համապատասխանում են SPD-ի քաղաքականությանը, որն առաջնահերթ չի համարում ռազմական ծախսերի ավելացումը, դաշնակցային պարտավորությունների կատարումը և Ուկրաինային աջակցությունը։
Զունան մերժել է քննադատությունը՝ հայտարարելով, որ Չեխիայի բանակը զարգանում է ռեկորդային տեմպերով, իսկ նախարարությունը կատարում է կառավարության ծրագիրը։ SPD-ի առաջնորդ Տոմիո Օկամուրան, իր հերթին, Պավելի խոսքերը համարել է իր կուսակցության աշխատանքի գովասանք և ընդգծել, որ այն կատարում է նախընտրական խոստումները՝ դեմ հանդես գալով չեխական միջոցներն ու զինծառայողներին Ուկրաինա ուղարկելուն։
Հաղորդման ընթացքում Պավելը նաև հանդես է եկել Կիևին օգնությունը շարունակելու օգտին՝ այն անվանելով ներդրում Եվրոպայի սեփական անվտանգության մեջ։ Նա ընդգծել է, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքներ նախատեսի, իսկ եվրոպական երկրները պետք է միասնական դիրքորոշում մշակեն Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում։
Նախագահը հայտարարել է, որ Դոնբասը պետք է մնա Ուկրաինայի կազմում, և նախազգուշացրել է Ռուսաստանի ճնշման ներքո պետական սահմանները փոխելու վտանգի մասին։
Բացի այդ, նա ՆԱՏՕ-ին կոչ է արել արձագանքել Ռուսաստանի օդային տարածքի միտումնավոր խախտումներին, այդ թվում՝ տնտեսական և կիբեռնետիկական միջոցներով։