Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական FP-1 հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել, հայտնում է թուրքական Yeni Şafak պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 01։30-ի սահմաններում, Ռիզեի նահանգի Չայելի շրջանի Սըրթ գյուղում։
Պարբերականի տվյալներով, անօդաչուի ընկնելու մասին հաղորդում ստանալուց հետո տարածքում որոնողական աշխատանքներ և տեխնիկական հետաքննություն են սկսվել։ Մասնագետները պարզել են, որ ուկրաինական Fair Point ընկերության արտադրության FP-1 մոդելի սարքը թափառող զինամթերք է։
Անօդաչուն պայթել է ընկնելու պահին։ Հետևանքով վնասվել է մերձակա տներից մեկի պատուհանի ապակին։ Զոհեր և տուժածներ չկան, այլ ավերածություններ չեն արձանագրվել։
Ռիզեի նահանգի ժանդարմերիայի աշխատակիցներն ապահովել են դեպքի վայրի անվտանգությունը։ Տրապիզոնից ժամանած՝ պայթուցիկ նյութերի վնասազերծման խմբի աշխատանքից հետո անօդաչուի բեկորները հավաքվել են։