Նորմալ երկրներում պետական պաշտոնյաները հարգում են հարազատ դատարանի վճիռը, չեն բողոքարկում վերադաս ատյան, հակընդեմ հայցեր չեն ներկայացնում, երբ խնդրո առարկան վերաբերում է պաշտոնյայի դիրքի, լիազորությունների չարաշահման հետ կապված կասկածներին։ Հայաստանում այդպես չէ։
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ապրիլի 27-ին հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով, թե պատրաստվում է հաղորդում ներկայացնել Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ։ Բանն այն է, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ 16 խախտում է արձանագրել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության ընթացքում և դրանք ներկայացրել Վարչական դատարան։ Աննա Հակոբյանի կարծիքով՝ իր ղեկավարած հիմնադրամի ենթադրյալ խախտումների վերաբերյալ հայցեր ներկայացնելու արդյունքում իր վրա հոգեբանական ճնշում է գործադրվում, խախտվում են իր՝ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։
Ինչո՞ւ է Աննա Հակոբյանն այսպես կտրուկ արձագանքում հասարակական կազմակերպության հայցին։
Մի քանի ամիս առաջ «Կրթվելը նորաձև է» արշավի գլխավոր բանախոսներն էին Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը։ Նրանք Երևանում և մարզերում՝ դահլիճային հանդիպումներ էին կազմակերպում, որոնց ժամանակ ընդարձակ բանախոսությամբ հանդես էին գալիս ինքն ու իր ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս խոսում էր Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին, որը ներկայումս ՔՊ նախընտրական ծրագրի հիմքում է ընկած։ Ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ ՔՊ-ական իշխանության հետ սերտ գործակցող հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանը կարող էր Աննա Հակոբյանին դատի տալ։
Հետո տեղի ունեցավ անսպասելին։ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ բաժանվում է Նիկոլ Փաշինյանից, ու հեռացավ կառավարական առանձնատնից։ Այդ մասին տեսանյութ հրապարակեց։ Կասկածամիտ մարդիկ վարկած էին առաջ քաշում, թե Փաշինյանը մտադիր է պարտվել հունիսի 7-ին, և այդ պատճառով Աննա Հակոբյանը բաժանվում է, որ Փաշինյանի պարտվելուց հետո հաղթողների կողմից հետապնդման չենթարկվի կոռուպցիոն կասկածներով։
Օրեր առաջ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը վերամիացան, ժողովրդի սիրտը բերկրանքով լցվեց։ Բոլորը թեթևացած շունչ քաշեցին։ Սակայն ժողովրդի ուրախությունը երկար չտևեց, և «Անկախ դիտորդը» 16 դրվագով հայց ներկայացրեց «Իմ քայլը»-ի դեմ։ Ոմանք կրկին կասկածների մեջ ընկան ու հետահայաց կարծիք հայտնեցին, թե այս կերպ փակում են հնարավոր պարտության դեպքում Աննա Հակոբյանի նկատմամբ ենթադրյալ հետապնդումների դուռը։ Այսինքն՝ այն բոլոր հնարավոր կասկածները, որոնց հիմքերով հունիսի 7-ին հաղթողը ենթադրաբար կուզենար հայցեր ներկայացնել «Իմ քայլի» դեմ, արդեն ներկայացված են դատարան «Անկախ դիտորդի» կողմից։ Եվ վաղը Վարչական դատարանը կարող է չընդունել Աննա Հակոբյանի գործունեության վերաբերյալ հայցերը, քանի որ հնարավոր բոլոր դրվագներով արդեն դատավարություն է ընթանում։
Ոմանց կարող է թվալ, թե Դանիել Իոաննիսյանը պայմանավորվածություն ունի Նիկոլ Փաշինյանի հետ այս ամենի վերաբերյալ, քանի որ նրանց միջև արդյունավետ գործակցություն է եղել 2018-ից սկսած և շարունակվում է ցայսօր։ Հավանաբար՝ պայմանավորվածության մասին ամեն տեսակ կասկածները ցրելու համար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հայտարարում է, որ հակընդեմ հայց է ներկայացնելու ընդդեմ Դանիել Իոաննիսյանի ու «Անկախ դիտորդի», որ բոլորը հավատան, թե այս ամենը լուրջ է։ Ե՛վ «Իմ քայլի» դեմ հայցեր ներկայացնողն է լուրջ տրամադրված, և՛ հակընդեմ հայցեր ներկայացնող Աննա Հակոբյանն ու նրա «Իմ քայլը»։ Նրանք միմյանց չեն խնայելու դատաքննության ընթացքում, ամբողջ ուժով պայքարելու են միմյանց դեմ և այլն։
Կարճ ասած՝ ուշագրավ ու հետաքրքիր դատավարություններ են սպասվում առաջիկայում։ Լավատեսորեն ենթադրելի է, որ ամեն ինչ լավ կավարտվի, ոչ ոք չի տուգանվի, կասկածները կհերքվեն փաստերով, ոչ ոքի գործարար համբավը չի տուժի, ոչ ոքի իրավունքը չի խախտվի, Սահմանադրությունն ու միջազգային կոնվենցիաներն էլ հավելյալ կփառաբանվեն մեր արդար դատարաններում։
Ավելին, Աննա Հակոբյանի հակընդեմ հայցերը կարող են նախադեպ դառնալ․ կոռուպցիոն կամ ընտրախախտումների վերաբերյալ վարույթներում ներգրավված կասկածյալները կամ որպես պատասխանող ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաները վաղը կարող ասել, թե իրենց իրավունքները խախտվում են, իրենց գործարար համբավը տուժում է, միջազգային կոնվենցիա և այլն։