Մամուլը խոսում է Ուկրաինայի նախագահի՝ ՀՀ գալու մասին։ Գրել են՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթաժողովին մասնակցելու համար է Վլադիմիր Զելենսկին Հայաստան գալու։ ABC Media-ն ԱԳ նախարարի մամուլի քարտուղարից փորձեց պարզել՝ որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, Զելենսկին կգա՞ Երևան։ Մամուլի քարտուղարը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը, ասաց՝ ԵՔՀ գագաթաժողովին մասնակցության մասով կտեղեկացնի կամ ԱԳՆ-ն, կամ վարչապետի աշխատակազմը:
Տարածվող, բայց դեռ չհաստատված տեղեկությանը անդրադարձել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Զելենսկին Երևանում՝ նշանակում է, որ նա է դառնում հիմնական դերակատարը՝ իր կերպարով, իր պատերազմով, Եվրոպային ավելի հետաքրքիր լինելու իր օբյեկտիվ վիճակով։
Զելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։
Զելենսկին Երևանում՝ նշանակում է իր հայտարարություններով անթաքույց գրգռվածություն առաջացնել մեզ հարևան առնվազն երեք պետությունների մոտ (Իրան, Վրաստան, նույնիսկ՝ Թուրքիա)։
Եթե, այնուամենայնիվ, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկին ժամանի Երևան և մասնակցի աշխատանքներին, ապա Հայաստանի շուրջ և Հայաստանում մթնոլորտը փոխվելու է։ Ռուսաստանի ռեակցիան չի ուշանալու»։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը այս ամենից նոր խնդիրներ կստանա։