2020 թվականի հոկտեմբերի 20-ը 44-օրյա պատերազմի ամենաթեժ փուլերից մեկն էր․ Ճակատում՝ զոհեր, ներսում՝ քաոս, անորոշություն, և հենց այդ օրը գրանցվում է նոր ընկերություն՝ «ԷՖ գրուպ» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, հարկային համակարգի ղեկավար պաշտոն զբաղեցրած, ՀՀԿ-ական գործարար Սամվել Սարգսյանին։
Սա պարզապես ժամանակային զուգադիպությո՞ւն է, թե՞ շատ ավելի խոսուն փաստ:
Այսինքն՝ խոսքը ոչ թե շարքային քաղաքացու մասին է, այլ պետական կառավարման փորձ ունեցող անձի, որը ճգնաժամի պահին ընտրում է ոչ թե հանրային ներգրավվածությունը, այլ բիզնես ակտիվությունը։ Սակայն այստեղ առավել ուշագրավն այլ հանգամանք է․ Սամվել Սարգսյանը պարզապես մեկ ընկերության սեփականատեր չէ։
Նրա անունը կապվում է խոշոր բիզնես ակտիվների հետ՝ Ջերմուկի հայտնի նախկին Hyatt Place Jermuk հյուրանոցը (ներկայում՝ Grand Resort Jermuk), հյուրանոցային այլ նախագծեր, այդ թվում՝ «Հայաթ» բրենդի հետ կապված օբյեկտներ, գինու գործարաններ, մի շարք այլ ընկերություններ։
Հատկանշական է, որ Grand Resort Jermuk հյուրանոցը պատկանում է «Ջերսան» ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն են Սամվել Սարգսյանը, գործարար Աշոտ Արսենյանը (հայտնի «Ջերմուկի Աշոտ»)։ Սամվել Սարգսյանը այս ընկերությունում հանդիսանում է առանցքային սեփականատերերից և կառավարման կենտրոնական դեմքերից։
Ի՞նչ կենսագրական ուղի է անցել Սամվել Սարգսյանը, և ինչ ճանապարհով է կուտակել իր ունեցվածքը։
Ինչպես վերևում նշեցինք՝ Սարգսյանը տարիներ շարունակ եղել է պետական համակարգում․ 1983-1984թթ. աշխատել է Աղավնաձոր գյուղի խորհտնտեսությունում՝ որպես բանվոր, այնուհետև զբաղվել է ձեռներեցությամբ, 2002-2003թթ.՝ ՀՀ հարկային պետական ծառայության Վայքի տարածքային հարկային տեսչության պետ, 2003-2007թթ.՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ, 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 39 ընտրատարածքից:
Սամվել Սարգսյանին հաճախ բնորոշում են որպես նախկին իշխանության՝ հատկապես Սերժ Սարգսյանի շրջապատին մոտ գործարար։ Նա պետական համակարգ է մտել դեռ 1990-ականներին և աստիճանաբար զբաղեցրել կարևոր պաշտոններ՝ այդ թվում հարկային ոլորտում։
Եվ հենց այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը․ ինչպե՞ս է ձևավորվել այս ծավալի ունեցվածքը, ի՞նչ աղբյուրներից, և ինչո՞ւ այս ամբողջը երբեք չի հայտնվում ապօրինի ծագման գույքի քննության դաշտում։ Նկատենք, որ վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն կիրառվում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման մեխանիզմը։ Տարբեր նախկին պաշտոնյաներ հայտնվել են այս գործընթացի թիրախում՝ իրենց ունեցվածքի օրինականությունը հիմնավորելու պարտադրանքով։ Բայց Սամվել Սարգսյանի պարագայում պատկերն այլ է։
Չնայած տարիներով պետական համակարգում գտնվելուն, հարկային ոլորտում ղեկավար դիրքեր զբաղեցնելուն, խոշոր բիզնեսների և հյուրանոցային ակտիվների տիրապետմանը՝ այս գործարարի անունը չի շրջանառվում ապօրինի գույքի գործերի շրջանակում։ Եվ սա արդեն ոչ թե իրավական, այլ քաղաքական հարց է։ Ուստի՝ ողջամիտ հարց է առաջանում՝ արդյոք օրենքը կիրառվում է ընտրովի՞, թե՞ կան գործիչներ, որոնց նկատմամբ համակարգը պարզապես «չի տեսնում» կուտակված կապիտալը։
Այս ամբողջ պատկերի ֆոնին 2020 թվականի հոկտեմբերի 20-ի փաստը ստանում է լրիվ այլ իմաստ։ Երբ հասարակությունը պայքարում էր գոյության համար, երբ պետական ռեսուրսները ուղղված էին պատերազմի կառավարմանը, երբ հազարավոր մարդիկ էին զոհվում, քաղաքական որոշ գործիչներ զբաղված էին բիզնեսների ընդլայնմամբ։ Սա արդեն պարզապես բարոյական հարց չէ, այլ ամբողջ համակարգի բնութագիր։
Այսպիսով՝ ենթադրելի է, որ պետությունը, իշխանությունները բավարար ջանք չեն գործադրել, որ քաղաքական փորձառություն ունեցող գործիչը ճգնաժամային իրավիճակում ներգրավվեր քաղաքական գործընթացներում, պատերազմական խնդիրներին ծառայեցներ իր կարողությունները, կառավարման փորձը։

