«Հայաստանի Հանրապետությունում չեմ ճանաչում որևէ մի կնոջ, որը գրավում է այդպիսի պաշտոն և ենթարկված լիներ դաժան վերաբերմունքի այն իմաստով, որը տրվում է միջազգային իրավունքի սահմաններում»,- ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ խոշտանգումների վերաբերյալ վերջին հայտարարություններին։
Նախօրեին Աննա Հակոբյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե իր դեմ ներկայացված հայցերով խախտում են իր սահմանադրական իրավունքները, խոշտանգումն ու նվաստացումը դատապարտող միջազգային կոնվնեցիաները, իր վրա հոգեբանական ճնշում է գործադրվում։ Դրան ի պատասխան Աննա Հակոբյանի դեմ հայցեր ներկայացրած «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն առաջարկել էր միասին պատկերացնել, թե ի՞նչ է խոշտանգումը, և ո՞վ կարող է խոշտանգվել։
Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց խոշտանգման իրավական էությունը՝ հիշեցնելով, որ Հայաստանը դեռ 1993 թվականին է միացել «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մասին» կոնվենցիային։
Նշեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ տարբերակում է խոշտանգումը նվաստացնող վերաբերմունքից։
Իսկ թե ինչ է խոշտանգումը, Լարիսա Ալավարդյանը բացատրեց․ «Խոշտանգումն իր մեջ պարունակում է մի քանի կարևորագույն պայմաններ։ Առաջինը՝ դա սիստեմատիկ բնույթ կրող կա՛մ ֆիզիկական, կա՛մ հոգեբանական, նպատակադրված, հասցեական ծանր վատ վերաբերմունքն է»։
Իրավապաշտպանը շարունակեց, որ խոշտանգման երկրորդ պարտադիր հանգամանքն այն է, որ այդ ֆիզիկական կամ հոգեբանական ազդեցությունը պետք է հետապնդի որոշակի նպատակ՝ կորզել տվյալներ, ստանալ խոստովանություն կամ պարտադրել որևէ պահանջի կատարում։
Հարցին, թե արդյոք Աննա Հակոբյանը ենթարկվել է խոշտանգման, որ նման պատասխան է տալիս, իրավապաշտպանը պատասխանեց․
«Քանի որ այդ տիկնոջ գիտելիքները մարդու իրավունքների մասին, ես կարծում եմ, գոյություն չունեն… ես հրաժարվում եմ մեկնաբանել այդ տիկնոջ ինչ-որ հայտարարությունները»։
Տիկին Ալավերդյանը հորդորեց լրատվամիջոցներին չմեկնաբանել Աննա Հակոբյանի հայտարարությունները, քանի որ դրանք իջեցնում են Հայաստանի վարկանիշը։ Փոխարենը նա կոչ արեց ԶԼՄ-ներին հետաքրքրվել, թե բյուջետային ի՞նչ միջոցների հաշվին են իրականացվում նրա շքեղ այցելությունները պաշտոնական անձանց ուղեկցությամբ։
Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ «Առաջին տիկին» հասկացությունը սովորութային նորմ է, որը պատկանում է պետության գլխին՝ Նախագահի կնոջը, մինչդեռ վարչապետը գործադիր մարմնի ղեկավարն է։ Ըստ այդմ, Ալավերդյանը նրան որակեց որպես ինքնակոչ առաջին տիկին և հարցրեց, թե ի՞նչ աղբյուրներից են ութ տարի շարունակ ֆինանսավորվել նրա անհասկանալի այցերը։