Երևանը միացավ «Երկրի ժամը» նախաձեռնությանը՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ դառնալու COP17-ի գլոբալ բնապահպանական օրակարգի ակտիվ մասնակից և ձևավորող

Երևանը միացավ «Երկրի ժամը» նախաձեռնությանը՝  վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ դառնալու COP17-ի գլոբալ բնապահպանական օրակարգի ակտիվ մասնակից և ձևավորող

2026թ․ մարտի 28-ին` ժամը 20:30-21:30-ը, մեկ ժամով մարվեց Երևանի Հանրապետության հրապարակի լուսավորությունը։ Մայրաքաղաք Երևանը միացավ «Երկրի ժամը» նախաձեռնությանը, որն աշխարհում իրականացվում է 20-րդ անգամ։ Այդ օրը աշխարհի հազարավոր քաղաքներ, համայնքներ և միլիոնավոր մարդիկ  իրենց աջակցությունն են հայտնում Երկիր մոլորակին՝ մեկ ժամով անջատելով լույսերը կամ կատարելով շրջակա միջավայրի համար որևէ օգտակար քայլ։  

Նախաձեռնության հեղինակը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան մասնաճյուղն էր, որը Candlenight Concerts-ի հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպել էր բացօթյա երաժշտական միջոցառում։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների, կայուն կենսակերպի և բնությունը պահպանելու ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ։

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լևոնն Աղասյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն նշելու «Երկրի ժամը», այլ վերահաստատելու մեր պատասխանատվությունը մեր ընդհանուր տան՝ Երկիր մոլորակի հանդեպ։ Այս պահին աշխարհը միավորվում է մեկ գաղափարի շուրջ` դառնալով մեկ ամբողջություն` անկախ սահմաններից, մշակույթներից և տարբերություններից։

«Երկրի ժամը» նախագիծը մեկնարկել է 2006թ․, առաջին անգամ լույսեր մարելու սիմվոլիկայով միջոցառումն իրականացվել է 2007թ․ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ակտիվ մասնակցում է նախաձեռնությանը 2008թ․-ից։ Նախաձեռնության հիմնական ուղերձն այն է, որ մենք պետք է ոչ միայն մեկ օր կամ մեկ ժամ հիշենք մեր մոլորակի մասին, այլ ամեն օր ապրենք այդ գիտակցությամբ։ Մեր առօրյա վարքագիծը, ապրելակերպն ու ընտրությունները ձևավորում են այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք։

Ուզում եմ հորդորել բոլորին լինել ավելի գիտակից, ընտրել առողջ և էկո ապրելակերպ։ Յուրաքանչյուր փոքր քայլ՝ էներգիայի խնայողություն, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք, իրականում մեծ ներդրում է մեր մոլորակի ապագայի համար։

Հայաստանի համար այս միջոցառումն ունի առանձնահատուկ նշանակություն։ Մենք մի երկիր ենք, որտեղ կենսաբազմազանությունը ոչ միայն բնական հարստություն է, այլ նաև մեր ինքնության կարևոր մաս։ Եվ հենց այդ պատճառով մենք պետք է պահպանենք և փոխանցենք այն ապագա սերունդներին։

Այս տարի կարևոր է մեր համախմբվածությունը, քանի որ Երևանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը` Միավորված ազգերի կազմակերպության Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ դառնալու գլոբալ բնապահպանական օրակարգի ակտիվ մասնակից և ձևավորող»։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանն ասաց․ «Այսօր Երևանի քաղաքապետարանը միացել է Բնության համաշխարհային հիմնադրամին։ Հիմնական գաղափարը մեր բոլորիս ընդհանուր տան՝ երկրի մասին ևս մեկ անգամ մեր հոգատարությունը արտահայտելն է։ Լույսերի մարման այս արարողությունը խորհրդանշական է։ Եվ այս փոքրիկ քայլը միտված է ավելի մեծ ընդարձակ օրակարգի ձևավորմանը, որը վերաբերում է պատասխանատու վերաբերմունքին և գիտակցված ընտրությանը՝ յուրաքանչյուրիս կողմից ցանկացած խնայողաբար քայլ, որը մենք կկիրառենք, ցանկացած բարի գործ, որը մենք կանենք, կարծում եմ, որ արտացոլվում է բնության պահպանության բուն էության մեջ։ Թող սա դառնա ոչ միայն մեկժամյա գործողություն, այլ՝ շարունակական պարտավորություն կառուցելու ավելի կանաչ և ավելի դիմակայուն համայնքներ»։ 

Ողջույնի խոսքերին հաջորդեցին Candlenight Concerts-ի երաժշտական կատարումները։ 

Լուսանկարները՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան մասնաճյուղի







Մարտ 30, 2026 at 17:12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *