Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը X-ի իր էջում տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ: Դեսպանը նշել է, որ ողջունում է վերջին շրջանում երկու պետությունների ձեռնարկած քայլերը՝ ժողովուրդների միջև տնտեսական կապերի և փոխհարաբերությունների վերականգնման ուղղությամբ:
«Այս օրը նշանավորվում է կարևոր իրադարձությամբ՝ տարածաշրջանային զարգացման փոխկապակցվածության գործում։ Հայ և թուրք պաշտոնյաները հանդիպեցին Թուրքիայի Կարս քաղաքում ՝ հայտարարելու Կարս-Գյումրի երկաթուղու վերակառուցման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այն կենսական առևտրային և տարանցիկ հաղորդակցություն էր, որը տարածաշրջանը կապում էր ավելի քան մեկ դար: Վերջին գնացքը Թուրքիայի և Հայաստանի սահմանը հատել է 1993 թվականի հուլիսին»,-գրել է դիվանագետը:
Նա նշել է, որ այդ առաջընթացն արտացոլում է TRIPP-ի և օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի առաջ քաշված տեսլականը, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբ։ Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համապատասխանում է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում կայունության և բարգավաճման հանձնառությանը»,- հավելել է դեսպան Թոմ Բարաքը։