Իրանի հասցեին Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել են


Բիզնես


Նավթի գները զգալիորեն բարձրացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին հնչեցրած սպառնալիքներից հետո: Մեկ օրվա ընթացքում Brent տեսակի նավթը թանկացել է ավելի քան 7.1%-ով, իսկ ամերիկյան WTI-ը՝ 7.6%-ով։ Թրամփը Axios լրատվական պորտալին ասել էր, որ դեմ է Հորմուզի նեղուցի բացմանը մինչև Թեհրանի հետ միջուկային ծրագրերի հարցում համաձայնության չգան: Իր հերթին, Wall Street Journal-ը նշել է, որ շրջափակումը կարող է տևել մի քանի ամիս:

The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին նախապատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը: Նրանց խոսքով՝ իր թիմի հետ Մերձավոր Արևելքի իրավիճակը քննարկելիս Թրամփն առաջարկել է շարունակել ճնշումն Իրանի տնտեսության վրա և կանխել իրանական նավթի արտահանումը՝ թույլ չտալով նավերի ելքը Իրանի նավահանգիստներից: «Թրամփը կարծում է, որ մյուս տարբերակները, ինչպիսիք են Իրանի ռմբակոծումը կամ հակամարտությունից դուրս գալը, ավելի մեծ ռիսկ են պարունակում, քան շրջափակման կիրառումը», — նշել է հրատարակությունը:

Պենտագոնի պաշտոնական տվյալներով՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները մինչ օրս Միացյալ Նահանգներին արժեցել են շուրջ 25 միլիարդ դոլար: Այս թիվը հրապարակել է Պենտագոնի ֆինանսական հարցերով պատասխանատու Ջուլս Հերստը՝ 2026 թվականի ապրիլի 29-ին Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ: 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *