ԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցը

Միացյալ Նահանգները ուսումնասիրում և քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հնարավորությունը, TruthSocial սոցիալական հարթակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը «շուտով պետք է կայացվի»: Ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ուղղված սուր քննադատությամբ, որը, իր հերթին, դեմ էր արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությանը:

Ապրիլի 27-ին Մերցը, ելույթ ունենալով Գերմանիայի արևմտյան մասում գտնվող Մարսբերգ քաղաքի ավագ դպրոցում, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատերազմում «ակնհայտորեն» չունի ռազմավարություն:

«Այս պահին ես չեմ հասկանում, թե ինչ ռազմավարական տարբերակ կընտրեն ամերիկացիները, հատկապես որ իրանցիները ակնհայտորեն շատ հմուտ են բանակցությունների մեջ, կամ, ավելի ճիշտ, շատ հմուտ են չբանակցելու մեջ», – հայտարարել էր գերմանացի քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշումը չմտածված էր։ Ֆրիդրիխ Մերցը նաև կրկնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմը սկսել են առանց եվրոպացիների հետ նախապես խորհրդակցելու։ Կանցլերը նշել է, որ այդ գործողությունների վերաբերյալ արդեն երկու անգամ իր դիրքորոշումը հայտնել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Եթե ես իմանայի, որ սա կտևի հինգ կամ վեց շաբաթ և միայն կվատթարանա, ես ավելի կտրուկ կարտահայտվեի», – հավելել է նա։

Իր առաջին ժամկետի ընթացքում՝ 2017-ից 2021 թվականներին, Դոնալդ Թրամփը սպառնացել էր կրճատել զորքերի ներկայությունը Գերմանիայում: Պենտագոնի ապրիլի կեսերի տվյալների համաձայն՝ Եվրոպայում տեղակայված է մոտ 86,000 զինվոր, որից մոտ 39,000-ը՝ Գերմանիայում: Այս թիվը պարբերաբար տատանվում է՝ անձնակազմի ռոտացիաների և զորավարժությունների պատճառով, հաղորդում է dpa լրատվական գործակալությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *