Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն ֆուտբոլի 2029 թվականի Աշխարհի երիտասարդական (Մ20) առաջնությունը։ Այս կարևորագույն մարզական իրադարձության մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մունդիալը պատշաճ մակարդակով ընդունելու համար Հայաստանում նախատեսվում են լայնամասշտաբ ենթակառուցվածքային աշխատանքներ։ Ըստ Փաշինյանի՝ մրցաշարի հայաստանյան հանդիպումները կանցկացվեն երեք քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում և Իջևանում։
«Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում։ Առաջիկայում պետք է նախապատրաստվենք՝ պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև նոր ստադիոն կկառուցվի, իսկ Երևանում «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը նաև շնորհավորել է ֆուտբոլասերներին և հանրությանը՝ կայացված այս պատմական որոշման առթիվ. «Ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ այս կարևոր իրադարձության և որոշման առիթով»։
Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը հնարավորություն է ստանում համակազմակերպել ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշար։