
«Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել և չենք քննարկում»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ քննարվե՞լ է 300 000 ադրբեջանցիների վերադարձի հարցը, թե ոչ։
«Ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց և մնացած տեղերի հայերի վերադարձի հարց, որովհետև, ակնհայտորեն, երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին կարող են թեժացնել, և հաճախ այդպես էլ պատահում է:
Նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո բավարար էֆեկտ չի ունենում իրենց համար, երկրորդ հարցն են էսկալացնում: Այսինքն՝ սա էժան ներքաղաքական շահարկում է և ոչ ավելին»,- նշեց Փաշինյանը։