«Ընտրությունների արդյունքները պետք է որոշի միայն Հայաստանի ժողովուրդը». Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հարցով բանաձև է ընդունել

Եվրոպական խորհրդարանն ընդունել է Հայաստանի ժողովրդավարության
կայունությանն աջակցելու մասին բանաձև։

Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում քվեարկել է
Հայաստանի հարցով բանաձևի օգտին՝ հաստատելով ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության
զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող
բարեփոխումներին։

Բանաձևի օգտին քվեարկել են 476 պատգամավորներ, դեմ՝
47-ը, 48-ը ձեռնպահ է մնացել։

Բանաձևը աջակցում է 2026 թվականի հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական
ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի
միայն Հայաստանի ժողովուրդը։ Միաժամանակ նշվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման
և ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Բանաձևը ողջունում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը և Հայաստանի
հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և բարեփոխումներին։ Հատկապես
ընդգծվում է 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի
և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների անցկացումը՝ որպես Հայաստանի հետ համերաշխության կարևոր
քաղաքական ազդանշան։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բանաձևը աջակցում է Հայաստանի
ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և համապարփակ խաղաղության համաձայնագրի
ձեռք բերման կոչ է անում՝ հիմնված ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության
վրա։

Բանաձևը դատապարտում է հայ գերիների ձերբակալումը Ադրբեջանում և պահանջում
է նրանց անհապաղ ազատ արձակել։

Բանաձևը ողջունում է ԵՄ մոնիթորինգային առաքելության և քաղաքացիական հասարակության
միջև համագործակցության ընդլայնումը և կոչ է անում ավելացնել ԵՄ ֆինանսական ու տեխնիկական
աջակցությունը Հայաստանին, հատկապես էներգետիկայի, թվային և տնտեսական կայունության
ոլորտներում։

Բանաձևը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝
սահմանների բացման և տարածաշրջանային կայունության նպատակով։

Բանաձևը վճռականորեն դատապարտում է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները
և միջամտությունները՝ այդ առումով ընդգծելով հատկապես Ռուսաստանի և դրա ազդեցության
ցանցերի գործունեությունը՝ ներառյալ կիբեռհարձակումները և ապատեղեկատվությունը։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *