Եվրոպական առաջնորդները գալիս են ՀՀ․ երկիրը բախվում է վերջին 5 տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձությանը․ Известия

Մասնագետները նշում են, որ Բրյուսելն ու Փարիզն անում են ամեն բան՝ ապահովելու ՀՀ իշխող կուսակցության հաղթանակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Մայիսի սկզբին Երևանը կդառնա արևմտյան առաջնորդների ուխտագնացության վայր․ մայիսի 4-ին այնտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը․ գրում է «Известия»-ն՝ ընդգծելով, որ ԵՔՀ-ն զգալի լիազորություններ չունի. դրա շրջանակում որոշումներ չեն կայացվում:

Ըստ էության՝ այն քննարկման հարթակ է և հանդիպման վայր եվրոպացի առաջնորդների ու նրանց դաշնակիցների համար: Ըստ պարբերականի՝ ԵՔՀ գագաթնաժողովներն ունեն զգալի խորհրդանշական նշանակություն. դրանք պարբերաբար անցկացվում են այն երկրներում, որտեղ եվրոպամետ ուժերը բարդ ընտրարշավների են բախվում: Միջոցառումից հետո կարելի է ակնկալել, որ եվրոպացի առաջնորդները կհայտարարեն Հարավային Կովկասի այս հանրապետությանը նոր ֆինանսական օգնության տրամադրման և որոշակի լրացուցիչ ներդրումային նախագծերի մասին: Կհնչեն նաև հայտարարություններ վիզային ռեժիմի ազատականացման հաջողությունների և Հայաստանի եվրոպական ինտեգրման, ընդհանուր առմամբ, պայծառ հեռանկարների մասին:

Այս ամբողջ գործունեության հիմնական և ամենաակնհայտ նպատակն իշխող կուսակցությանն աջակցելն է: Փաստն այն է, որ հունիսի 7-ին երկրում կկայանան կարևորագույն խորհրդարանական ընտրություններ, որոնք կորոշեն իշխանության դասավորությունը հաջորդ 5 տարիների համար:

Ինչպես նշվում է, Հայաստանն արդեն գործնականում ապրում է ընտրարշավի ռեժիմում: Կառավարության ղեկավարը գրեթե ամեն շաբաթ այցելում է մարզեր, որտեղ ստուգում է նոր և վերանորոգված ճանապարհները, մանկապարտեզները և դպրոցները: Մինչդեռ արտաքին քաղաքականության դաշտը լի է խնդիրներով:

Փաշինյանը խաղաղության հաստատումը նշում է որպես իր նվաճումներից մեկը, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները մնում են չլուծված։ Բաքուն և Անկարան պարբերաբար նոր սպառնալիքներ են հնչեցնում, իսկ Ղարաբաղը կորսված է։ Ավելին, Հայաստանի ղեկավարի՝ վերջերս Մոսկվա կատարած այցը ևս հակասական էր: Այս պայմաններում Հայաստանի իշխանությունները, հավանաբար, կփորձեն եվրոպացիների հետ մի շարք բանակցությունների միջոցով ցույց տալ, որ հանրապետությունը, վերջիվերջո, առաջընթաց է գրանցում արտաքին քաղաքականության մեջ:

Արևմտյան առաջնորդներն ունեն իրենց ակնհայտ շահերն Անդրկովկասում: Նախ՝ Հայաստանը շարունակում է համարվել Ռուսաստանի դաշնակիցը տարածաշրջանում և անդամակցում է ամենակարևոր եվրասիական միավորումներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: Հետևաբար, Բրյուսելը շահագրգռված է Երևանի և Մոսկվայի միջև հեռավորության մեծացմամբ։

Երկրորդ՝ արևմտյան երկրները կցանկանային խզել կապերն Իրանի և Ռուսաստանի միջև: Անցյալ տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման որոշումը, սակայն Թեհրանի ցամաքային կապն ասոցիացիայի հետ հնարավոր է միայն Հայաստանի միջոցով: Այս պայմաններում Երևանի՝ դեպի Արևմուտք թեքվելը կխաթարի այս համաձայնագրի իրականացումը։

 Ավելին՝ Եվրամիությունն այժմ դժվարին հարաբերությունների մեջ է ԱՄՆ վարչակազմի հետ: Անցյալ տարի Վաշինգտոնն արագորեն ներխուժեց անդրկովկասյան օրակարգ, երբ օգնեց Հայաստանին և Ադրբեջանին նախաստորագրել խաղաղության պայմանագրի տեքստը: Միևնույն ժամանակ 3 կողմերը համաձայնեցին ստեղծել «Թրամփի երթուղին», որը կկապի Բաքուն Նախիջևանի և Թուրքիայի հետ:

Հասկանալի է, որ եվրոպացիները չէին ցանկանա մնալ նման կարևոր իրադարձություններից այն կողմ: Կովկասագետ Արթուր Աթաևը նշում է, որ Հայաստանը բախվում է վերջին 5 տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձությանը, որը տեղի է ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման և ԵՄ-ի հետ երկխոսության ակտիվացման ֆոնին: Հետևաբար՝ եվրոպացիները մեկնում են Երևան՝ Փաշինյանին և նրա կուսակցությանն աջակցելու համար։

«Հիշեցնում եմ, որ անցյալ տարի հանրապետությունն ընդունեց օրենք, որը սահմանում էր երկրի եվրոպական ինտեգրման ուղղությունը։ Ակնհայտ է, որ երկարաժամկետ սերտ հարաբերությունների համար տնտեսական հիմք չկա, բայց քաղաքական հիմքը դրված է։ Նաև կնշեի, որ Հայաստանի իշխող կուսակցությունն այժմ, կարծես, ֆավորիտ է այս մրցավազքում. հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ այն ֆավորիտ է»,- նշում է փորձագետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *