Նյու Յորքից Մայնի Ֆրանկֆուրտ թռիչքի ժամանակ կորել է «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմի ստեղծողներից Պավել Տալանկինի «Օսկար» արձանիկը․ գրում է meduza.io-ն։
Ֆիլմը հաղթել էր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Միջադեպի մասին պատմել է ֆիլմի համահեղինակ Դևիդ Բորենշտեյնը: Նրա խոսքով՝ ապրիլի 29-ին Տալանկինը ժամանել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայան, որտեղից պատրաստվում էր թռչել Գերմանիա:
Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել Տալանկինին արձանիկը տանել ձեռքի ուղեբեռում: Նրանք նշել են, որ «Օսկար»-ը կարող է օգտագործվել որպես զենք:
«Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմի ստեղծողները փորձել են հեռախոսով խոսել օդանավակայանի աշխատակիցների հետ, բայց՝ ապարդյուն:
Ի վերջո, նշվել է, որ արձանիկը պետք է դնել ուղեբեռում: Տալանկինն իր հետ ուղեբեռ չի ունեցել, ուստի «Օսկար»-ը դրվել է արկղի մեջ և ուղարկվել Lufthansa-ի այն չվերթով, որով ճանապարհորդում էր ռեժիսորը: Սակայն արկղը չի հասել Ֆրանկֆուրտի օդանավակայան:
Այժմ տարվում են որոնողական աշխատանքներ։