ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ դիմել Կոնգրեսին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունը շարունակելու թույլտվություն ստանալու համար «Ռազմական լիազորությունների մասին» օրենքով նախատեսված 60-օրյա ժամկետի լրանալուց հետո:
Ամերիկացի առաջնորդը Սպիտակ տան մոտ լրագրողներին ասել է, որ համապատասխան պահանջը համարում է հակասահմանադրական: Ըստ նրա՝ նմանատիպ դիրքորոշում են ունեցել նաև իր նախորդներից շատերը, ովքեր, ինչպես պնդում է Թրամփը, նույնպես դուրս են եկել օրենքով սահմանված ժամկետի սահմաններից:
1973 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Ռազմական լիազորությունների մասին» օրենքը թույլ է տալիս նախագահին առանց Կոնգրեսի հավանության երկրից դուրս զինված ուժեր կիրառել 60 օրվա ընթացքում:
Իրանի դեմ գործողության դեպքում այդ ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Ավելի վաղ Time պարբերականը հայտնել էր, որ Կոնգրեսի դեմոկրատները դիտարկում են Թրամփի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը, եթե նա շարունակի ռազմական գործողությունները առանց օրենսդիրների համաձայնության:
Ներկայացուցիչների պալատը չի սատարել այն բանաձևը, որը պարտավորեցնում էր վարչակազմին ձեռնպահ մնալ Իրանի դեմ ուժի կիրառումից առանց Կոնգրեսի արտոնման: Սենատը նույնպես հրաժարվել է սահմանափակել նախագահի լիազորություններն այս հարցում: