
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով փոխանցել է Իրանի 14 կետանոց ծրագրի պատասխանը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
Նա ասել է, որ Թեհրանն ուսումնասիրում է ամերիկյան պատասխանը։ Բաղային հերքել է «Ալ Ջազիրա»-ի կողմից հրապարակված հաղորդագրություններն այն մասին, որ իրանական խաղաղության ծրագիրը նախատեսում է ուրանի հարստացման 15-ամյա սառեցում։
Բաղայիի խոսքով՝ Իրանի 14 կետանոց ծրագիրը «կենտրոնանում է բացառապես պատերազմի դադարեցման վրա»։ «Այն, ինչ քննարկվում է միջուկային մանրամասների վերաբերյալ, բացակայում է այս ծրագրից»,- ասել է Բաղային իրանական «Շաբաքե Խաբար» հեռուստաալիքի եթերում։
Արտգործնախարար Աբաս Արաղչին նաև հայտարարել է, որ այս փուլում Միացյալ Նահանգների հետ Իրանի խաղաղության ծրագիրը վերաբերում է միայն ռազմական գործողությունների դադարեցմանը, այլ ոչ թե միջուկային հարցերին. «Մեր 14 կետանոց ծրագիրը կենտրոնանում է բացառապես պատերազմի դադարեցման վրա և չի անդրադառնում միջուկային հարցերին»։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը արձագանքել է բանակցային գործընթացի շրջանակներում Իրանի նոր առաջարկին՝ նշելով, որ այն ուսումնասիրության փուլում է։