Այսօր Մարզահամերգային համալիրի տարածքում լրագրողների հետ զրույցում քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեսակապով հնչեցրած ելույթին և դրա հնարավոր հետևանքներին Հայաստանի համար։
Նրա խոսքով՝ Ալիևի խաղաղության մասին հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը։
«Նախ չկա որևէ բան, որ Ալիևը ասի և մեր կողմը չկրկնի։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հիմա ունի Հայաստանում իր դրածոյին, իր ենթակային, իր առաջ խոնարհվածին։ Եվ Ադրբեջանի բոլոր պահանջները, նախապայմանները սա հլը հնազանդ կատարում է»,- ասաց Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է ճնշման քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
«Ադրբեջանը կարող է ասել՝ գնում է խաղաղության, բայց իր պահանջները չեն ավարտվել։ Ադրբեջանը Հայաստանը պահում է պատանդի վիճակում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մեր գերիների միջոցով։ Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են նաև մեր ինքնիշխան տարածքի ռազմավարական կետերը»,- նշեց նա։
Վարդանյանը հիշեցրեց նաև Ադրբեջանի կողմից ներկայացվող լրացուցիչ պահանջները։
«Դեռ կա Սահմանադրության փոփոխության պահանջը, 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Այսինքն՝ մենք ինչ-որ առումով օկուպացիայի մեջ ենք»,- ասաց նա։
Նրա կարծիքով՝ միջազգային ներկայությունն էլ չի փոխում իրավիճակը։
«Եվրոպական լիդերների ներկայությունը Հայաստանում իրականում աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, որը, իր հերթին, աջակցում է Ալիևի օրակարգին»,- նշեց Վարդանյանը։
Նա նաև անդրադարձավ տարածաշրջանային միջոցառումների կազմակերպմանը։
«Եթե հիշում եք, հաջորդ տարի նույն միջոցառումը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում։ Սա հերթական գործարք է։ Ալիևը համաձայնվել է, որ այստեղ անցկացվի, որպեսզի Նիկոլը վերարտադրվելու շանս ունենա, իսկ հետո նրանք էլ կաջակցեն Ալիևին»,- ասաց նա։
Վերջում Վարդանյանը ընդգծեց, որ այս գործընթացները, իր գնահատմամբ, վտանգավոր են Հայաստանի համար։
«Այս զույգը՝ սինխրոն, համատեղ աշխատում է մեր ժողովրդի և մեր պետականության դեմ»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը։