Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնի» դեմ կայացած խաղում իր թիմակից Ջոն Կորդոբայի՝ չհաշված գոլի դրվագը։
Հիշեցնենք, որ մրցավարները կոլումբիացի կենտրոնական հարձակվողի գործողություններում խախտում էին արձանագրել և չեղարկել դարպասի գրավումը:
«Առանց մեկնաբանությունների: Բոլորը շոկի մեջ են: Ի՞նչ կտա իմ մեկնաբանությունը»,- ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հետ զրույցում կարճ արտահայտվել է հայ կիսապաշտպանը:
Չնայած չեղարկված դրվագին՝ «Կրասնոդարը» կարողացավ հաղթանակ կորզել (1:0)․ միակ և հաղթական գոլը հեղինակեց Ջոն Կորդոբան՝ Էդուարդ Սպերցյանի կատարած փոխանցումից հետո: Այս դրվագը հոբելյանական էր հայ կիսապաշտպանի համար. նա «ցուլերի» կազմում հատեց 100 արդյունավետ գործողության սահմանագիծը (գոլ + գոլային փոխանցում):
Հատկանշական է, որ 25-ամյա Սպերցյանը դարձավ «Կրասնոդարի» ակադեմիայի պատմության առաջին սանը, որին հաջողվել է հասնել նման տպավորիչ ցուցանիշի:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28 տուրերի արդյունքներով Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը վաստակել է 63 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ցուլերն» ընդամենը մեկ միավորով են առաջ անցել երկրորդ հորիզոնականում ընթացող Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»:
Armsport