Հայաստանը Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է. Կոշերբաև

Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է։

Այդ մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիմանն ասել է Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն իր հերթին նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։

«Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կենտրոնական Ասիայի և հատկապես Ղազախստանի հետ փոխգործակցության հետևողական զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, այդ թվում՝ առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում։ Այս համատեքստում կարևորում ենք առկա մեխանիզմների արդյունավետ կիրառումը, այդ թվում՝ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և այլ համատեղ ձևաչափերի շրջանակներում»,– ասել է Միրզոյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, արժևորում է այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։

ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը համապատասխանում է երկու ժողովուրդների և պետությունների շահերին։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ու գործարար կապերի խթանմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *