Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը, նշում էր, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում վստահության բարձրացումը կախված է նաև տարածաշրջանային զարգացումներից։ Ավելի պարզ՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից. գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մեկ այլ հանգամանք․ իրեն տանը զգացող պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը, այն դեպքում, երբ 1993 թվականից փակված սահմանի պատճառաբանության հիմքում դրվել էր հայկական զորքերի կողմից Քարվաճառի ազատագրումը։
ՀՀ իշխանությունների՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել՝ ևս մեկ անգամ ընդգծելով պարզ ճշմարտությունը, որ արտաքին քաղաքականությունը միակողմանի զիջումների և պարտվողականության վրա կառուցողները շարունակաբար կորցնում են։
Ի վերջո, թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն»,-գրել է նա։