BanksNews.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որով նախատեսվում է աջակցել 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնություններին:
Ծրագրի հիմնական մանրամասները.
- Կրթական ծրագիր. Առնվազն 400 քաղաքացի հնարավորություն կստանա անվճար զարգացնելու ձեռնարկատիրական հմտությունները (դասընթացները կկազմակերպվեն դոնոր ծրագրերի աջակցությամբ)
- Ֆինանսական աջակցություն. Կրթական փուլն հաջողությամբ ավարտած և հավաստագիր ստացած մասնակիցներից 200-ին կտրամադրվի մինչև 2 միլիոն դրամ անհատույց աջակցություն:
- Բյուջե. Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 400 մլն դրամ, որը նախատեսվում է հատկացնել 2027 թվականի պետական բյուջեից։
- Առաջնահերթություն. Նախապատվությունը տրվելու է սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքների բնակիչներին, ինչպես նաև կենսաթոշակառու և վարձու աշխատող չհանդիսացող անձանց:
Պահանջները շահառուներին. Աջակցություն ստանալու համար քաղաքացիները պետք է արդեն իսկ իրականացնեն ձեռնարկատիրական գործունեություն կամ պարտավորվեն գրանցվել որպես ԱՁ/իրավաբանական անձ, ինչպես նաև ապահովեն բիզնեսի առնվազն 12-ամսյա շարունակականությունը:
Գումարը փոխանցվելու է հատուկ հաշվին և անմիջապես վճարվելու է ապրանք մատակարարողներին կամ ծառայություն մատուցողներին:
Ծրագրի նպատակն է ավագ սերնդի մասնագիտական փորձն ու գիտելիքներն ուղղել տնտեսության աշխուժացմանն ու ինքնազբաղվածության խթանմանը։