Հայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ


Քաղաքականություն


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Մարգուս Ցահքնային և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ նշելով, որ հայ-էստոնական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ։ Անդրադառնալով Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության պաշտոնական բացմանը՝ նախագահը կարևորել է այդ իրադարձությունը՝ այն գնահատելով որպես նշանակալի քայլ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման տեսանկյունից։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ բարեկամ Հայաստանում դեսպանության բացումը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների խորացման ճանապարհին։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն անդրադարձել են երկու երկրների միջև ձևավորված սերտ և փոխվստահության վրա հիմնված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ միջազգային ձևաչափերում փոխգործակցության խորացման տեսանկյունից։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարությունների, ինչպես նաև կառավարման ժամանակակից գործիքների ներդրման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով այս բնագավառներում Էստոնիայի փորձի կիրառման ներուժը Հայաստանում։

Կողմերը առանձնահատուկ կարևորությամբ ընդգծել են Եվրամիություն հարթակում համագործակցության զարգացումը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ և խոստումնալից ուղղություն համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Նշվել է, որ Հայաստանը մշտապես զգացել է Էստոնիայի աջակցությունն ու կառուցողական ներգրավվածությունը՝ հատկապես եվրոպական ինտեգրմանն առնչվող գործընթացներում, ինչն իր նշանակալի ներդրումն է ունեցել երկկողմ հարաբերությունների խորացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է նաև երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունների բարեկամական բնույթը՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և փոխադարձ հարգանքի վրա։

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը՝ ընդգծելով, որ Երևանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության բացումը կարևոր քայլ է այս ուղղությամբ։ Նշվել է, որ այն նոր խթան կհաղորդի քաղաքական երկխոսությանը, կակտիվացնի գործնական կապերը տարբեր ոլորտներում և էապես կնպաստի ժողովուրդների միջև փոխճանաչողության ու բարեկամության ամրապնդմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *