Հյուսիսային Կորեան վերանայել է Սահմանադրությունը և դրանում ամրագրել իր տարածքի կարգավիճակը որպես Հարավային Կորեայի հետ սահմանակից երկիր: ԿԺԴՀ-ն հանել է նրա հետ վերամիավորման անհրաժեշտության մասին հիշատակումները: Երկրի հիմնական օրենքում ներառվել են առաջնորդ Կիմ Չեն Ընի նախաձեռնությունները՝ երկու Կորեաները որպես առանձին պետություններ ընկալելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թարմացված տեքստի նախագծին:
Փոփոխությունները, ենթադրաբար, ընդունվել են մարտին՝ ԿԺԴՀ բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Գերագույն ժողովրդական ժողովի նիստում: Ըստ Սեուլի ազգային համալսարանի պրոֆեսոր Լի Չժոն Չխոլի՝ Հյուսիսային Կորեան առաջին անգամ է Սահմանադրության մեջ ներառել տարածքի մասին առանձին դրույթ: 2-րդ հոդվածի նոր խմբագրության մեջ ասվում է, որ ԿԺԴՀ տարածքը ներառում է հողերը, որոնք «հյուսիսում սահմանակից են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը, իսկ հարավում՝ Կորեայի Հանրապետությանը»:
Հարավային Կորեայի հետ սահմանի ճշգրիտ գիծը տեքստում նշված չէ, չեն հիշատակվում նաև վիճելի ծովային սահմանները, ներառյալ Դեղին ծովում հյուսիսային սահմանազատման գիծը: Փաստաթղթում ընդգծվում է, որ Հյուսիսային Կորեան «երբեք չի հանդուրժի որևէ ոտնձգություն» իր տարածքի նկատմամբ: Պրոֆեսոր Լի Չժոն Չխոլը նշել է, որ միջկորեական կոնկրետ սահմանի բացակայությունը կարող է վկայել Փհենյանի՝ առճակատման նոր աղբյուր անմիջապես չստեղծելու ձգտման մասին, նույնիսկ հիմնական օրենքում Կիմ Չեն Ընի «երկու թշնամական պետությունների» հայեցակարգի ամրագրման պարագայում: 2024 թվականի հունվարին նա կոչ էր արել փոխել Սահմանադրությունը, որպեսզի Հարավային Կորեան սահմանվի որպես «գլխավոր թշնամի» և մշտական գլխավոր հակառակորդ:
Վերանայված Սահմանադրության մեջ Կիմ Չեն Ընն այժմ նշված է որպես Պետական խորհրդի նախագահ և ուղղակիորեն սահմանված է որպես պետության գլուխ: Նախկին ձևակերպումը, որն այդ պաշտոնը նկարագրում էր որպես « պետությունը ներկայացնող երկրի բարձրագույն ղեկավար», փոփոխվել է: Պետական խորհրդի նախագահը միաժամանակ ԿԺԴՀ միջուկային ուժերի հրամանատարն է:
Փաստաթղթի առանձին հոդված Հյուսիսային Կորեան բնութագրում է որպես պատասխանատու պետություն, որն օժտված է միջուկային զենքով: Այն ամրագրում է միջուկային ներուժը զարգացնելու մտադրությունը՝ երկրի գոյատևման և զարգացման իրավունքները պաշտպանելու, պատերազմները զսպելու, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար: