Նյու Յորքի դաշնային դատարանը հրապարակել է այն հրաժեշտի նամակի լուսապատճենը, որը, հավանաբար, գրել է մանկապղծության մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը։
Ըստ թերթի տվյալների՝ նամակը 2019 թվականի հուլիսին հայտնաբերել էր Էփշտեյնի բանտախցի հարևան Նիկոլաս Տարտալիոնեն (երբ ֆինանսիստն արդեն անգիտակից վիճակում է եղել)։ Հրապարակումը հավելում է, որ սա տեղի է ունեցել Էփշտեյնի մահից մի քանի շաբաթ առաջ։
Թերթը նշում է, որ նամակում գրված է. «Մեղադրող կողմն ամիսներ շարունակ հետաքննություն է անցկացրել ու ոչինչ չի գտել»։ Ուղերձի վերջում կան «ոչ մի հաճույք» և «դա չարժեր անել» արտահայտությունները։ Պարբերականն ընդգծում է, որ չի կարող հաստատել, որ այդ նամակն անձամբ Էփշտեյնն է գրել։
Էփշտեյնը ձերբակալվել էր Նյու Յորքում 2019-ի հուլիսի 6-ին։ Դատախազությունը պնդում էր, որ նա 2002-2005 թվականներին Մանհեթենի իր տուն է հրավիրել տասնյակ անչափահաս աղջիկների։ Նրանցից ամենափոքրը 14 տարեկան է եղել։ Ֆինանսիստի ընկերների ու ծանոթների շրջանակում եղել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ (այդ թվում՝ նախկին նախագահներ), խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր (ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ այլ երկրներից)։ Նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպանությունից հետո։