Թե՛ հաջողակ բիզնեսմեն, թե՛ քաղաքական գործիչ լինելը լավ առաջնորդության մասին է վկայում։ Չկա այլ գիտություն։ Եթե մեզ հաջողվեց ընդամենը 6 ամսում դառնալ ընդդիմադիր առաջին ուժը, վստահ եղեք՝ մենք առավել մեծ արագությամբ զարգացնելու ենք ՀՀ տնտեսությունը, բերելու ենք կայուն և արժանապատիվ խաղաղություն մեր երկրին․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի ասուլիսը՝ կետերով․
- Փաշինյանը չի պատկերացնում այն ունեցվածքը, որի մասին խոսում է ինքը, չկա մեկը, որ կկարողանա ինձ ունեզրկել։
- Մենք գործելու ենք օրինականության դաշտում, չենք անելու նույն սխալները, ինչ արեց ներկա իշխանությունը։
- Մենք ունենք թե՛ նախագահի լուրջ թեկնածու, թե՛ Կառավարության անդամների։ Ես չեմ տա որևէ մեկի անունը, որ նրան մի քանի րոպեից չբռնեն ու չտանեն ԱԱԾ «պադվալ»։
- Ես Փաշինյանին չեմ շնորհավորել, Դուք հորինում եք։ Ես նրա հետ հանդիպել եմ, և փորձել եմ խելք ու շնորհք տալ։ Երբ դու պետության ամենախոշոր ընկերությունների տերն ես, թեկուզ պետության ամենաձախողված ղեկավարն ուզում է քեզ հետ հանդիպել, շատ դժվար ու գռեհիկ է մերժելը։ Եվ իմ դաստիարակությունից ելնելով՝ հանդիպել եմ ոչ թե մարդու, այլ ինստիտուտի ներկայացուցչի հետ՝ հարգելով պետական ինստիտուտը։
- Մեր գլխավոր նպատակը լինելու է կառուցել հարաբերություններ բոլոր այն երկրների ու կազմակերպությունների հետ, որոնցից ՀՀ-ն և հայ ժողովուրդը կարող է օգուտ ունենալ։ Նույնիսկ եթե Մոզամբիկից կարողանանք օգուտ ունենալ, մենք նրանց հետ ունենալու ենք շատ լավ հարաբերություններ։
- Իմ ռուսամետությանն անդրադառնալով՝ ես Ռուսաստանին չեմ համարում մեր թշնամին, համարում եմ բարեկամ երկիր, բայց ինձ համար ՀՀ-ն և հայ ժողովրդի շահերն են առաջնային։
- Թուրքիայի հետ ունենալու ենք նորմալ հարաբերություն, բայց՝ Հայաստանի շահերից ելնելով։ Բայց ես գիտեմ, որ հենց բացեցինք սահմանները, մենք Հայաստանում գյուղատնտեսություն չենք ունենալու։
- Ռոբերտ Քոչարյանը շատ կոռեկտ հայտարարություն է արել՝ նրանք սատարելու են առաջին տեղը զբաղեցրած ընդդիմադիր ուժին, այսինքն՝ մեզ։
- Ինչ վերաբերում է այսօր փոքրիկ խմբակի առաջարկած խաղաղությանը․ մենք հասկանում ենք, որ այսպիսի խաղաղությունը չի բավարարելու մեզ։ Մենք փոքր պետություն ենք, թեկուզ հպարտ, բայց մեզ պետք են երաշխավորներ։ Մեկ երաշխավորը բավարար չէ։ Մենք ունենալու ենք երաշխավորություն գերտերություններից։ Մենք առաջարկում ենք չխաբվել Ադրբեջանից առաջարկող խաղաղությանը։ Փաշինյանը «շատ հաջող» խաղաղություն բերեց Արցախին։
- Փաշինյանը կորցրել է իրականության զգացողությունը։ Նա երեք անգամ նույն մարդուն պարտվել է, ինչպե՞ս կարող է նրա (Իլհամ Ալիև-խմբ․) հետ հավասարը հավասարի բանակցել։ Նա նրան որպես շեֆ է ընդունում։
- Մենք չենք կանգնեցնելու պետական մակարդակով ստորագրված որևէ փաստաթուղթ, բայց չենք անելու այն, ինչ գրված է, այլ փորձելու ենք լավարկել այն։ Բայց ես մտահոգություն ունեմ, այնտեղ կա՞ն ի նպաստ Հայաստանի որոշումներ։
- Եվրոպացիները կազմակերպել էին, Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանին «մաստեր կլասս» ցույց տա, թե ինչպես հանձնել սեփական տարածքները։ Փաշինյանն ամեն ինչ հանձնելով՝ մնացել է մի բան վաճառել եվրոպացիներին․ հակառուսական քաղաքականությունը, որը Փաշինյանը մեծ սիրով կվաճառի։
- Դուք իշխանության բերեցիք իր կյանքում ոչ մի բան չստեղծած փոքրիկ շանտաժիստին, որ իր ապրուստը վաստակում է շանտաժներով։ Հիմա ինքը գիտե՞ք՝ ինչ է անում Ռուսաստանին․ պամպերսը հագին՝ շանտաժ է անում։
- Տարածքներ վերադարձնելու մասին խոսելով՝ մենք նկատի ունենք Հայաստանի ինքնիշխան տարածքները՝ Ջերմուկում և մյուս վայրերում։ Փաշինյանն այնպես է արել, որ մենք առաջիկա տարիներին չկարողանանք Արցախը վերադարձնել, բայց մենք ուզում ենք՝ արցախահայերն ապրեն բարեկեցիկ կյանքով ու վերադառնան Արցախ։