Երուսաղեմում միանձնուհու վրա հարձակման մեջ կասկածվող իսրայելցուն մեղադրանք է առաջադրվել

Իսրայելցուն, որին կասկածում են Երուսաղեմում ֆրանսիացի կաթոլիկ միանձնուհուն գետնին տապալելու և ոտքերով հարվածելու մեջ, մեղադրանք է առաջադրվել կրոնական թշնամանքի հիմքով հարձակման համար: Դրա մասին հինգշաբթի հայտնել է Իսրայելի պետական դատախազությունը, հաղորդում է Reuters-ը:

Քրիստոնյա հոգևորականությունը Երուսաղեմի կողմից դատապարտել է ապրիլի 28-ին տեղի ունեցած հարձակումը: Միջադեպը տեղի է ունեցել Հին քաղաքում կրոնական հոգևորականների և ուխտավորների նկատմամբ հրեաների ճնշումների ուժգնացման ֆոնին, որտեղ գտնվում են քրիստոնյաների, մահմեդականների և հուդայականների համար սուրբ վայրեր:

36-ամյա Յոնահ Շրայբերը ձերբակալվել էր հարձակման հաջորդ օրը: Տեսահսկման խցիկների կադրերում երևում է, թե ինչպես է հրեական կիպա և ծիսական ծոպեր կրող հարձակվողը հետապնդում միանձնուհուն, այնուհետև նրան գետնին տապալում և սկսում ծեծել:

Այնուհետև նա սկսել է հարվածել մի անցորդի, որը փորձել է միջամտել:

«Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել կրոնական հողի վրա թշնամական վերաբերմունքի հիմքով մարմնական վնասվածքներ պատճառելով հարձակման, ինչպես նաև սովորական հարձակման համար»,- ասված է դատախազության հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ հարձակման հետևանքով միանձնուհին դեմքի և ոտքի շրջանում կապտուկներ է ստացել։ Դատախազությունը դիմել է Երուսաղեմի մագիստրատական դատարան՝ խնդրելով տղամարդուն կալանքի տակ պահել մինչև դատավարության ավարտը: Քաղաքի քրիստոնեական համայնքի անդամների խոսքով՝ վերջին տարիներին Երուսաղեմի Հին քաղաքում հաճախացել են դեպքերը, երբ կրոնական հրեաները թքում են քրիստոնեական օբյեկտների վրա կամ այլ կերպ փորձում են վախեցնել քրիստոնյաներին ու հոգևորականներին: Իսրայելի ոստիկանությունը հայտարարում է, որ աշխատում է նման միջադեպերը կանխելու ուղղությամբ։

Նշենք, որ NEWS.am-ը նույնպես բազմիցս գրել է Երուսաղեմում հայկական սրբավայրերի և հոգևորականների նկատմամբ վիրավորական գործողությունների մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *