Արարատի մարզի և Վեդիի ոստիկանապետերն աշխատանքից ազատվեցին

Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։ Այս մասին NEWS.am–ին հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից։

Տեղեկություններ կան, որ աշխատանքից ազատվել է նաեւ մարզի դատախազը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ըստ դատախազության՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Հիշեցնենք, որ փաստաբան Վարդուհի Էլբակյանը երեկ հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։ Նա նաև հայտնել էր, որ աղջիկների հորեղբայրը տեսնելով, որ իրավապահներն անգործություն են ցուցաբերում, դանակահարել էր մանկապղծության մեջ մեղադրվողներից մեկին։ Վերջինս ձերբակալվել է։ Էլբակյանի խոսքով, աղջիկներից ավագը ենթարկվել զննության և հաստատվել է այն, ինչ հայտնել է աղջիկը քննիչներին։ Նա նաև առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության:

Տղամարդկանցից Դավիթ Այնազյանն այսօր 2 ամսով կալանավորվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *